«Նախագահակա՞ն, թե խորհրդարանակա՞ն կառավարման համակարգն է ավելի արդյունավետ», Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Փաշինյանը նշեց, որ ԱԺ նախագահի հետ քննարկել են այդ հարցը, և գտնում է, որ խորհրդարանական կառավարման համակարգն ավելի շատ հնարավորություններ է ստեղծում Կառավարության վրա վերահսկողություն սահմանելու առումով։
«Եթե ես այս առիթները չունենայի և լինեի այն լիազորություններով նախագահ, ես այդ վիճակին չէի դիմանա, որովհետև ինձ՝ որպես հրապարակային քաղաքական գործիչ շատ անհրաժեշտ է լինել այս հարթակներում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ և գաղափարները հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ։ Իհարկե, այնպես չէ, որ նախագահն այդ հնարավորությունը չուներ, բայց այդ հնարավորությունները ստեղծելու համար իրավունքները պակաս սահմանափակ էին, օրինակ՝ պատգամավորները հարց տալու հնարավորություն չունեին նախագահին»,- ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իր անձնական զգացողությամբ, այս քննարկումները շատ կարևոր են․ «Եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, շատ կարևոր են խորհրդարանական վերահսկողության համակարգերը»:
Վարչապետն ընդգծեց, որ իրեն բազմիցս են ասել, որ կառավարման համակարգում կան խնդիրներ, կոռուպցիոն ռիսկեր․ «Եթե նույնիսկ սուպերմեն լինի վարչապետը, այդ ամեն ինչը չի կարող վերահսկել։ Հետևաբար, խորհրդարանի կարևորագույն դերերից մեկն այն է, որ ինքը իրոք վերահսկողություն իրականացնի, և դրանում ամենաշահագրգիռը պետք է լինի վարչապետը», հավելելով, որ սա շատ բազմաշերտ հարց է։
Միքայելյանն արձագանքեց, որ Սերժ Սարգսյանը ժամանակին Սահմանադրությունն իր վրայով էր կարել, և առաջարկեց սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որ ավելի արդյունավետ լինի աշխատելը։
Փաշինյանը չարձագանքեց։