ՀՀ ԱԺ-ում շարունակվում է նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի շուրջ քննարկումները: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից հետաքրքրվեց, թե սահմանամերձ գյուղերին տրված արտոնությունների արդյունքում քանի աշխատատեղ է ստեղծվել, ինչ արդյունք է տվել այդ օրենսդրական նախաձեռնությունը, ինչ ներդրումներ կան: Փոխնախարարը պատասխանեց, որ Ազգային ժողովում փոխլրացում եղավ այդ օրենսդրության հետ կապված, որից հետո ձեռնոցների արտադրությամբ զբաղվող հայտնվեց, ինչի արդյունքում 1400 աշխատատեղ ստեղծվեց: Նա նկատեց, որ մնացած տվյալները չունի, բայց ընդգծեց, որ լրացուցիչ սուբսիդավորումը՝ համայնքներին գյուղտեխնիկայի տրամադրումն ու վարկեր 2-3 տոկոսով տրամադրելը լրացուցիչ խթան կհանդիսանան:
Բագրատյանը Բերդում 1200 նոր աշխատատեղի համար շնորհակալություն հայտնեց բնակչության անունից, բայց ասաց, որ սահամանմերձ համայնքում ոչ մի նոր աշխատատեղ չի ավելացել: «Նախաձեռնեք աշխատատեղեր, ես կարող եմ բազմաթիվ ներքին ռեսուրսներ ասել, որոնք օգտագործելու դեպքում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-նշեց նա: Տարասյանը պատասխանեց, որ ամեն օր են դրանով զբաղվում: «Ցանկացած նոր նախաձեռնություն, որ ուղղված է աշխատատեղերի օգտագործմանը՝ մենք ողջունում ենք»,- պատասխանեց նա: