Զարմանալի ու անսպասելի ոչինչ չկար: Տեքստը ստորագրվեց այնպես, ինչպես բանակցվել էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով օրեր առաջ ստորագրված ԵՄ-Հայաստան համաձայնագրին:
Քաղաքագետի խոսքով՝ այն մեզ տալու է լրացուցիչ հնարավորություններ, միևնույն ժամանակ նաև պարտավորություններ. «Պետք է հաշվի առնենք, որ ԵՄ-ն էլ պարտավորություն է ստանձնում քայլեր ձեռնարկել, որոնք կզարգացնեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, Հայաստանում մարդու իրավունքները և այլն: Այդ առումով կարծում եմ, որ սա իրավունքների, նոր պարտավորությունների և հնարավորությունների մի մեծ փաստաթուղթ է»:
Բանախոսը նշեց, որ համաձայնագիրը կարևոր է նաև բիզնես ոլորտի համար. «Եթե դու ինտեգրվում ես Եվրոպական միություն, սա նշանակում է, որ Եվրոպական միության բիզնեսի համար դառնում ես առավել հետաքրքիր, կանխատեսելի, և խաղի կանոնները սկսում են նրանք հասկանալ, որովհետև դրանք համանման են… Ընդհանրապես, աշխարհին Հայաստանը շատ բանով չի կարող հետաքրքրել, այն առումով, որ բնական ռեսուրսների պաշար չունենք, նավթ չունենք, գազ, մեծ շուկա չենք, բայց, կարծում եմ` սա լավ օրինակ է քաղաքական այլընտրանքի, որովհետև ԵԱՏՄ անդամ միակ պետությունն ենք, որ ավելի ենք խորացնում մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ՝ չունենալով Եվրոպական միությանն անդամակցելու քաղաքական օրակարգ»:
Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի հարցում Եվրոպական միության դերակատարման, ասուլիսի մյուս բանախոս, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը հավելեց. «Ասաց, որ աջակցում է Մինսկի խմբին, դա նշանակում է, որ ևս մեկ անգամ հաստատեց, որ ԵՄ-ն չի ուզում իր վրա պարտավորություն վերցնել, ինչպես ՄԱԿ-ը: Նրանք գտնում են, որ Մինսկի խմբում ներկայացված են թե՛ Եվրոպան` հանձին Ֆրանսիայի, թե՛ Արևմուտքը` ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը` որպես բավականին ուժեղացող խաղացող»:
Ավելին` տեսանյութում:
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ