Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի խումբը:
Խորհրդատվական խումբը օգոստոսի 19-ին հանդիպել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:
Այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:
«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություններում: