տուն Լուրեր Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

Նարեկ Բաբայանը դիմել է դատարան՝ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրելու հարցով

110
0

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը գրություն է ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պարզելու, թե որքան է կազմում Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը եւ արդյոք արգելանք դրված է Գրիգորյանին պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։

Գրությունն այսօր հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Նշենք, որ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դեռեւս 2018թ. հոկտեմբերի 17-ին դիմել է կառավարությանը եւ հայտնել, որ Գրիգորյանը ցանկություն է հայտնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ Գրիգորյանը պատրաստ է ընկերության 100 տոկոս բաժնեմասը տրամադրել պետությանը։

Նարեկ Բաբայանը դատարանին նաեւ հայտնել է, թե նախաքննական մարմինը (ՀՔԾ-ն) տեղեկացրել է, որ վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը եւ առաջարկել է կոմիտեին՝ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ վնասի չափը պարզելու համար քննչական եւ դատավարական գործողությունների ավարտը։

Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը այս առնչությամբ հայտարարեց, որ Գրիգորյանը մեղադրվում է նաեւ հարկերից խուսափելու համար եւ ըստ էության, իրենք պետությանը պատճառված վնասը «փոխհատուցել են», քանի որ դիմումով պատրաստակամություն են հայտնել գույքը նվիրաբերել պետությանը, բայց քանի որ գույքը կալանքի տակ է գործընթացը չի կատարվում։

Դատարանը նկատեց, որ նախ պետք է քննարկվի գույքն արգելանքից հանելու միջնորդությունը, ապա նոր վնասի փոխհատուցման հարցը։