«Նոյեմբերի 7-ին «Նաիրիտ» գործարանում տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում է «Նաիրիտ» գործարանի ցույցերը համակարգող խումբը: «Նաիրիտ» գործարանի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Սաղաթելյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է «Նաիրիտի» գլխավոր տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական Ռաֆայել Սանդոյանը:
Նարիրիտցիների կարծիքով՝ «Նաիրիտի» համար օրհասական այս փուլում կադրային նման փոփոխությունը անտրամաբանական եւ անհասկանալի է։ Սանդոյանը, լինելով «Նաիրիտի» նախկին տնօրենի՝ նաիրիտյան հայտնի սկանդալների հերոս եւ «Նաիրիտի» թալանով հարստացած Վահան Մելքոնյանի կադր, չի կարող լինել «Նաիրիտի» համար սրտացավ եւ «Նաիրիտի» վերագործարկման համար օգտակար անձ։
«Հիմնավորելու համար այդ կասկածը, բավական է հիշեցնել հայտնի մի դատական դեպք, որի մասին բազմիցս գրվեց մամուլում։ Հիշեցնենք այդ դեպքը՝ մեջբերելով «Հետք» օրաթերթում տպագրված «Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գծով» նյութից․
Դեռեւս 2002 թվականին այժմյան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի եւ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերության միջեւ կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի` «Նաիրիտը» պարտավորվել է գնորդի ներկայացրած պատվերով որոշված խմբաքանակով մինչեւ 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել` 1տ-1500 դոլարի համարժեք դրամով:
3 ամիս անց` 2003-ի հունվարին նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իրականացրել է ցուցահանդեսներում «Նաիրիտի» ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ:
Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, եւ «Նաիրիտը» պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: Սակայն ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել Նաիրիտ գործարանի տարածք, հետեւաբար՝ ապրանքի մատակարարում տեղի չի ունեցել։
Այդ ընթացքում պարսկական ընկերության կողմից որեւէ պահանջ չի ներկայացրել:
Տարիներ անց` 2008թ.-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը եւ դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները եւ պետք է վերադարձնի 882 մլն դրամը եւ տոկոսները: Իսկ դա կազում է շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետեւանքով առաջացած տույժի գումար:
«Նաիրիտի» կողմից դատարան է ուղարկվել պատասխան՝ հետեւյալ բովանդակությամբ․«Հայցվոր ընկերությունը պարտավոր էր ապրանքներ մատակարարելու պահանջով ողջամիտ ժամկետում դիմել պատասխանող ընկերությանը, որը չի կատարել, որից ենթադրվում է, որ հայցվոր կողմը կորցրել է իր հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ դեռեւս 7 տարի առաջ: Պայմանագրի ուժով ծագած ցանկացած պարտավորություն պետք է կատարվի ողջամիտ ժամկետում` հակառակ դեպքում պետք է կիրառվի հայցային վաղեմություն»։
«Նումարդ թրեյդինգ» ընկերությունը դատարան է ներկայացրել մի գրություն, համաձայն որի` իբրեւ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը 2006-ին գրավոր դիմել է պատասխանող ընկերությանը պարտավորությունների կատարման խնդրանքով: Այս գրությունը, սակայն, մուտք է արվել ոչ այնպես, ինչպես մուտք են արվում մյուս բոլոր գրությունները գործարան: Այդ ժամանակ գործարանի տնօրեն է եղել Կարեն Իսրայելյանը, ով պնդում է, որ նմանատիպ որեւէ գրություն իրենք չեն ստացել: Ավելին` «Նաիրիտում» գրությունները միայն թվերով են մուտքագրվում, իսկ այս մեկում նաեւ տառ կա` «Ա» (1163 Ա), ինչը նշանակում է, որ գրությունը օրինական ճանապարհով չէ, որ մուտք է արվել, այլ հետին ամսաթվով հետագայում է «մտել» գործարան:
Այն ժամանակ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել է հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ, չնայած հայցվոր կողմը դատարան չի ներկայացել, եւ որեւէ հարց ուղղելու հնարավորություն գործարանը չի ունեցել: Դատավոր Կուբանյանը հայցային վաղեմություն չի կիրառել` հիմք ընդունելով նաեւ վերոնշյալ գրությունը:
«Նաիրիտ գործարանը», ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանի վճիռը չի բողոքարկել, եւ շուրջ 5 մլրդ դրամը ձեւակերպվել է որպես կրեդիտորական պարտք:
Միայն «Հետքի» աղմկահարույց բացահայտումներից, մամուլում աղմուկ բարձրացնելուց հետո Ֆինանսների նախարարության կողմից կատարվեցին ստուգումներ․«Փաստորեն, ընկերությունը վերը նշված պայմանագրով չնախատեսված ծառայության մատուցման փաստը ընդունելու, ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ստանձնել է 882 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն եւ նշված անհիմն գործարքի պատճառով ձեւակերպել ավելի քան 4 մլրդ դրամի վնաս»,- արձանագրել է ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը, որի տակ ստորագրել է նաեւ «Նաիրիտի» այդ ժամանակվա տնօրեն Վահան Մելքոնյանը:
Ֆինանսների նախարարության ստուգման արդյունքը որպես նոր երեւան եկած հանգամանք օգտագործելով` «Նաիրիտ գործարանի» ղեկավարությունը վերջապես վերաքննիչ բողոք է ներկայացրել 2012 թվականին։ Նույն տարվա նոյեմբերին Շենգավիթի դատարանը, այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ (որն, ի դեպ, բոլորովին վերջերս ձերբակալվեց կաշառք վերցնելու գործով), անկախ այն հանգամանքից, թե հիմնավոր է հայցը, թե ոչ, կիրառելով հայցային վաղեմություն՝ մերժել է այն ամբողջությամբ, ներառյալ նաեւ 882 մլն դրամը, որի օրինական պահանջատերն էր իրականական ընկերությունը։ Դատարանը վճռել է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247 մլն դրամ, որից շուրջ 98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումար, իսկ մոտ 148 մլն-ը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի գումար: Այս բռնագանձումն, իհարկե, չիրականացվեց, քանի որ անհայտ օֆշորային ընկերությանը ԴԱՀԿ-ն չկարողացավ գտնել:
Հատկանշական է, որ Ռաֆայել Սանդոյանը, լինելով գլխավոր տնօրենի խորհրդական իրավական հարցերով, լինելով քաջատեղյալ նման խոշոր պահանջի մասին որպես Նաիրիտ գործարանի շահերը պաշտպանող կողմ, իմանալով վաղեմության ժամկետը ընդհատող գրության, ինչպես նաեւ՝ վերջինիս կեղծված լինելու մասին, ի պաշտոնե իմանալով, որ Նաիրիտ գործարանի հաշվապահական հաշվեկշռում իրանական ընկերության նկատմամբ 882 մլն. դրամի պարտավորություն չկա, երբեւէ չի դիմել իրավապահ մարմիններին եւ չի տեղեկացրել «Նաիրիտ»-ում կատարված կեղծիքների մասին, եւ որ ամենակարեւորն է, առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո չի դիմել վերաքննիչ դատարան, այլ միայն մամուլի միջոցով աղմուկ բարձրացնելուց եւ «Հայգազարդ» ՓԲԸ-ի հայցը դատարանի կողմից վերադարձնելուց հետո փորձեց դիմել դատարան։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ դատավոր Բարսեղյանի կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ հայցն ամբողջությամբ, ներառյալ նաեւ 882 մլն մայր գումարը մերժվելուց հետո «Նաիրիտի» իրավական հարցերով խորհրդականը չի դիմել իրավական մարմիններին, ապացուցելու, որ այս գործարքում եղել է փողեր յուրացնելու միտում, այն դեպքում, եթե իրանական կողմից ոչ ոք նույնիսկ մայր գումարի համար չի բողոքարկել, ինչի իրավունքը, անշուշտ, ուներ։
«Նաիրիտին» ահռելի ֆինանսական միջոցների վնաս պատճառելու փորձի անմիջական մասակից, սակայն հանցավոր գործարքը բացահայտվելուց հետո միայն իրադրությունը շտկելու փորձեր կատարած անձը չի կարող լինել Նաիրիտի տնօրեն եւ որեւէ կերպ նպաստել «Նաիրիտի» վերագործարկմանը։ Այժմ, երբ ասպարեզում է «EU-ASIA buisness finance centre» եվրոպական հոլդինգը , որը պատրաստ է ներդրումներ իրականացնել «Նաիրիտ» գործարանում եւ ոտքի կանգնեցնել երբեմնի հսկային, տնօրեն են նշանակում փողերի լվացման փորձին նպաստած անձի, որով կա՛մ փորձում են խափանել հնարավոր գործարքը, կա՛մ ընդունել Եվրոպական հոլդինգի առաջարկներն ու գումարները փոշիացնել, ինչպես կատարվեց ժամանակին։
Հիշեցնենք, որ ժամանակին «Նաիրիտի» թալանի աղմկահարույց պատմություններում մասնակից էր այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ նրա օրոք ասպարեզում եղած հանցագործ կադրերին պատասխանատվության ենթարկելու փոխարեն այսօր նշանակում են ավելի բարձր պաշտոնի, ինչը թույլ է տալիս մտածել, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կա՛մ շատ անտեղյակ է կատարվածից, կա՛մ միտումնավոր գնում է նույն ճանապարհով, ինչ Տիգրան Սարգսյանը։
Հաշվի առնելով անձի մասնակցությունը նման մութ գործարքներին, պարզ է դառնում, որ կոռուպցիոն պատմություններում հայտնված Ռաֆայել Սանդոյանի անձնական շահն ու Հայաստանի տնտեսության զարգացման երաշխիքը հանդիսացող «Նաիրիտի» շահերը չեն կարող համընկնել։
Հետեւաբար, պահանջում ենք Կառավարությունից՝ ծանոթանալ Ռաֆայել Սանդոյանի կենսագրությանը «Նաիրիտում» անցկացրած տարիներին, եւ զերծ մնալ արտադրությունից հեռու գտնվող, «Նաիրիտի» վերագործարկման համար ոչ օգտակար, Վահան Մելքոնյանի կադրերի՝ տնօրենի պաշտոնում նշանակումից»,-ասված է հայտարարությունում: