Նաիրիտցիների նոր բողոքի ակցիայի օրն արդեն հայտնի է: Այս անգամ գործարանի աշխատողները հանդիպման են հրավիրել գլխավոր տնօրենին և խորհրդի նախագահին»: Այս մասին Araratnews-ին տեղեկացրեց «Նաիրիտ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության պետ Անուշ Հարությունյանը: «Նաիրիտցիները կրկին հավաքվելու են «Նաիրիտ» ՓԲԸ մոտ երկուշաբթի օրը ժամը 11-ին: Այս անգամ աշխատողները հրավիրել են «Նաիրիտ» գործարանի գլխավոր տնօրենին և խորհրդի նախագահն իրենց հետ հանդիպման: Խորհրդի նախագահից և գլխավոր տնօրենից նաիրիտցիները սպասում են բացատրություն իրենց բոլոր գործողությունների վերաբերյալ: Խորհուրդն է ի վերջո որոշել, որ աշխատողներին պետք է կրճատել: Աշխատողներին ծանուցագրեր են ուղարկվել և փետրվարի 6-ից կրճատվելու են: Ամեն դեպքում մարդիկ ուզում են հանդիպել Վահան Հակոբյանի հետ, ով խորհրդի նախագահն է»:
Այն հարցին, թե ծանուցագրերում կա՞ն վերջնահաշվարկի տվյալները, Անուշ Հարությունյանը պատասխանեց, որ չկա: «Ծանուցագրերում չի նշվել արված վերջնահաշվարկից որևէ բան: Անգամ վերջնահաշվարկ չի էլ արվել»:
«Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչվելու դեպքում ինչ ճակատագիր է սպասվում աշխատողներին հարցին. Անուշ Հարությունյանը պատասխանեց. «Մենք հիմա դրա դեմ ենք պայքարում, որովհետև սնանկ ճանաչվելու դեպքում աշխատողները պետք է ստանան 6 ամսվա միջին աշխատավարձի չափով գումար: Այնինչ մենք պետք է ստանանք մեկ տարի և 6 ամսվա աշխատավարձ: Դեկտեմբերի 10-ին արդեն, եթե մեր հարցերին պատասխաններ չտրվի, մենք գնալու ենք ու դիմենք Մարդու իրավունքների պաշտպանին»: