Բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհին: Նրա կարծիքով` հրդեհը միտումնավոր էր: «Լաք էթինոլ նյութն անսահմանափակ քանակով չէր կարելի պահեստավորել: Դժվարանում եմ ասել, թե ինչ քանակով է եղել պահեստավորված: Կարծում եմ՝ հրդեհ կազմակերպելով` փորձեցին թաքցնել թալանի, գողացածի հետքերը»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Բնապահպանը հիշեցրեց, որ այս օրերին պետք է մշտադիտարկում՝ աուդիտ, անցկացվեր, հետեւաբար չի բացառվում, որ հրդեհը կազմակերպել էին ինչ-որ բաներ թաքցնելու համար: «Դեռ հարց է՝ այսքանից հետո ներդրողները կցանկանա՞ն ներդրումներ անել «Նաիրիտում»,- ասաց բնապահպանը:
Մյուս վարկածը, ըստ բանախոսի, այն է, որ գուցե հրդեհը կազմակերպել են աշխատողների աշխատավարձերը չվճարելու համար: Քրեական գործ է հարուցվել: Նա հույս հայտնեց, որ հրդեհի իրական պատճառները կբացահայտվեն:
Araratnews.am-ի հարցին՝ եթե նպատակը գործարանում կատարված գողությունը թաքցնելու համար էր, ապա ինչու հրդեհն այնպես չէին կազմակերպել, որ այն տարածվեր ողջ գործարանով, բանախոսը դժվարացավ պատասխանել. «Ես ընդամենը վարկած եմ առաջ քաշում: Հետո մի մոռացեք, որ գործարանից ասում են, թե պահեստում միայն լաք էթինոլ նյութն է եղել: Բայց դա միայն գործարանն է ասում: Միգուցե պահեստում այլ բաներ էլ կային, որոնք չպետք է տեսնեին»:
Խոսելով բնապահպանական ազդեցությունների մասին՝ Սիլվա Ադամյանն ասաց, որ բնապահպանական առումով ճիշտ կլիներ, որ գործարանի տարածքին մոտ ապրող մարդկանց տեղափոխեին այլ վայր:
Բանախոսն արժանահավատ չի համարում առողջապահության նախարարության այն հավաստիացումները, թե «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի ծուխը չի կարող ազդել մարդկանց առողջության վրա: Սիլվա Ադամյանը մի քանի տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց՝ օդում ինչ չափով է ավելացել արտանետված նյութերի քանակը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ