Համաշխարհային ապրանքահումքային բորսաներում շարունակվում են անկման միտումներ գրանցել մետաղները՝ արծաթը, պլատինը, պալադիումը, պղինձը, ալյումինը, նիկելը, կապարը, անագը, ցինկը և երկաթը: Նավթի գները նույնպես անկում են գրանցում, ներկայումս այն կազմում է 43,9 $/բարել, նախորդ նոյեմբերի 79,4 $/բարելի համեմատ: Մեր համար կարևոր արտահանման արտադրանքի՝ պղնձի գինը Լոնդոնի մետաղների բորսայում (LME) կազմում է 4640 $/տ, որը նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրանցել էր 6500 $/տ:
Մեր մյուս կարևորագույն արտահանվող մետաղի՝ մոլիբդենի գինը LME-ում կազմում է 10800 $/տ, որը նախորդ տարվա նոյեմբերին կազմել էր 21450 $/տ: Ոսկու գները նույնպես անկում են գրանցում՝ 1 տրոյական ունցիան ներկա պահին կազմում է՝ 1070 $, որը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ էժանացել է 115 դոլլարով: Այս մետաղների գների անկման դեպքում, մեր երկիրը գալիք տարի կունենա որոշակի դժվարություններ, պայմանավորված արտահանումից եկամուտների նվազման և հարկային եկամուտների նվազմամբ:
Մետաղների գների նման դինամիկան հուշում է, որ մետաղների նկատմամբ պահանջարկի անկում է գրանցվում: Այս ամենը դրսևորվում է համաշխարհային առևտրի տեմպերի և համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման ֆոնի վրա: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (Organisation for Economic Co-operation and Development, OECD) փորձագետների վերջին կանխատեսումների համաձայն այս տարի համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2,9%, նախկինում կանխատեսված 3,7 %-ի փոխարեն, իսկ համաշխարհային առևտրի աճի տեմպերը չեն գերազանցի 2%-ը: 2016 թ.-ին տնտեսական աճի կանխատեսումը նույնպես նվազեցված է, այն ենթադրվում է որ 3,6%-ից կնվազի մինչև 3,3%: Ներդրումների մակարդակը նույնպես անկման միտումներ է գրանցում:
Գլոբալ ներդրումների, միջազգային առևտրի և համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշները փոխադարձ կապված են իրար և այս տարվա միտումները հնարավոր ռեցեսսիայի նախանշաններ են: Իսկ Անթալիայում վերջերս կայացած G20 գագաթնաժողովում, մատնանշվեցին համաշխարհային տնտեսության ռեալ մարտահրավերները, որոնք չեն նպաստում ավելի բարձր տնտեսական աճին և խթանում են տնտեսական աճի անհամաչափությանը՝ դրանք են՝ ահաբեկչության հիմնախնդիրը, համաշխարհային պահանջարկի դեֆիցիտը, համաշխարհային տնտեսության կառուցվածքային խնդիրները, հարկային քաղաքականության խնդիրները, փախստականների խնդիրը, միգրացիոն ճգնաժամը, կլիմայի փոփոխությունը և պարտքային ճգնաժամը:
Հայաստանի 2016թ.-ի բյուջեի նախագծում և բյուջեի ուղերձում անշուշտ հաշվի են առնված գլոբալ տնտեսության միտումները, որով և պայմանավորված է 2016թ.-ի բյուջեի համեստությունը: Հիշեցնենք, որ ըստ բյուջեի նախնական ուղերձի, 2016թ.-ին տնտեսական աճը կազմելու է 2,2%, ներդրումների մակարդակը կամ ներդրում/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է՝ 20,3%, սպառման մակարդակը (սպառում/ՀՆԱ) նվազելու է և կազմելու է -94,5%, ՀՆԱ-ի դեֆլյատորը կազմելու է 104%, միջին և 12 ամսյա գնաճը կազմելու են 4%, պետական բյուջեի պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունը բարձր է և կազմելու է -3,5%, իսկ ընթացիկ հաշիվ/ՀՆԱ հարաբերակցությունը ավելի է աճելու և կազմելու է 6,2%:
Անշուշտ այստեղ կան ցուցանիշներ, որոնք իսկապես մտահոգիչ են՝ մասնավորապես սպառման մակարդակի անկումը, կամ արտաքին պարտք/ՀՆԱ և արտաքին պարտքի սպասարկում/ՀՆԱ հարաբերակցությունները, պետական բյուջեի պակասորդ/ՀՆԱ և ընթացիկ հաշիվ/ՀՆԱ ցուցանիշները: Հատկապես անհանգստացնում է արտաքին պարտքի մեծացման իրողությունը: Որոշ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման առումով, բացակայում են դրանց հիմնավորումները, օրինակ, պետությունը ինչպե˚ս է ապահովելու ներդրումների աճը: Մտահոգում է շինարարության (1%) և ծառայությունների (1,3%) աճի ցածր տեմպերը:
Լուրջ խնդիր է եկամուտների ցածր աճի իրողությունը, գնաճի նախատեսվող ֆոնի վրա: Կրկին օրակարգում է պետական ապարատի վրա ուղղվող ծախսերի կրճատման խնդիրը: Սակայն, ամբողջովին վերցրած հաջորդ տարվա բյուջեն, հաշվի է առնում արտաքին զարգացումները և գոնե ավելի սթափորեն է գնահատում ստեղծված իրավիճակը: