Shantnews.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին ելույթ ունենալով նշեց, որ Հայաստանը կարևոր փուլ է ապրում. քաղաքական կայունության ու իշխանության բարձր լեգիտիմության ֆոնին արմատական փոփոխություններ են լինում: Նա ընդգծեց՝ մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսության հնարավորություն է ստեղծվել, գործում է օրենքի գերակայության ու հավասարության սկզբունքը:
«Մենք արդեն կարողացել ենք հասնել զգալի արդյունքների, կոռուպցիան արմատախիլ է արվել, արհեստական մենաշնորհների ու օլիգոպոլիաների գործունեությունը նվազագույնի է հասցվել, սակայն մենք մի հիմնավոր խնդրի առաջ ենք կանգնած. ՀՀ դատական իշխանությունը, ի տարբերություն իշխանության մյուս ճյուղերի, որտեղ որակական առաջընթաց է նկատվում, որևէ զգալի տրանսֆորմացիայի չի ենթարկվել, արդյունքում ժողովրդի շրջանում անվստահություն կա դատական իշխանության հանդեպ, ինչն էլ խոչընդոտում է երկրի զարգացմանը»,- ասաց նա:
Վարչապետը նկատեց՝ եթե դատական համակարգը որակական առաջընթաց չունենա, ներդրումներն արդյունք չեն տա: Փաշինյանը կարևորեց անդամ երկրների հնարավորինս արդյունավետ մասնակցությունն ինտեգրացիոն այս միությունում, նշեց՝ Հայաստանը ջանքեր կներդնի՝ կատարելագործելու համագործակցության մեխանիզմները, ապա շեշտեց՝ դա հավասարապես վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը: Կառավարության ղեկավարն ասաց, որ Հայաստանը հետաքրքրված է տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնմամբ, առանձնացրեց Չինաստանի դերը, նշեց՝ վերջին ամսվա ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման առումով մեծ առաջընթաց են գրանցել համաշխարհային տնտեսության կարևոր խաղացողներից Չինաստանի հետ, նաև ընդգծեց տարբեր ինտեգրացիոն միավորումների ու ծրագրերի միջև կապերի զարգացման կարևորությունը:
Փաշինյանը կարևորեց ԵՏՄ և ԵՄ միջև հարաբերությունների խորացումը, նշեց՝ եթե ոչ առաջիկայում, ապա միջնաժամկետ հեռանկարում դա իրագործելի է և անխուսափելի, ասաց՝ ԵՏՄ անդամությունը Հայաստանին որևէ կերպ չի խոչընդոտում ԵՄ հետ հարաբերություններին, այլև այն հագեցնում է նոր հնարավորություններով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում