տուն Լուրեր Արդյոք Մոսկվան նպատակ ունի թուլացնելու Սերժ Սարգսյանի դիրքերը

Արդյոք Մոսկվան նպատակ ունի թուլացնելու Սերժ Սարգսյանի դիրքերը

226
0

naxagah-serzh-sargsyann-hayastan-hanrapetakan-kusakcutyan-shtabipet-hovik-abrahamyan-derinvazecum-spasvun-jamanak

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ լքում է Հանրապետական կուսակցությունը, բայց միեւնույն ժամանակ կմնա քաղաքականությունում: Հովիկ Աբրահամյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ինքը միանալու է Գագիկ Ծառուկյանի ձեւավորած դաշինքին:  «Ո՛չ, ո՛չ, նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է»,- ասել է նախկին վարչապետը:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյան դաշինքին միանալու մասին առաջինը  գրվում է իշխանական մամուլում: Սա կարեւոր հանգամանք է այն տեսանկյունից, որ այսկերպ իշխանությունը ցույց է տալիս, որ Աբրահամյանն ազատ է իր որոշումներում:

Ուշագրավ է, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն լքում է մոսկովյան այցից հետո: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Ըստ հրապարակումների՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ Աբրահամյանի քաղաքական գործունեության հետագա ճակատագիրը: Հետեւաբար չի բացառվում, որ Աբրահամյանի որոշումը պայմանավորված է բարեկամական երկրի ցանկությամբ:

Գաղտնիք չէ, որ Աբրահամյանը ՀՀԿ-ում առանցքային դեր է ունեցել. Սերժ Սարգսյանը նրան է վստահել ընտրական բոլոր գործընթացներում ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու առաքելությունը: Եթե Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն, արդյոք Մոսկվան նպատակ ունի թուլացնելու ՀՀԿ-ի եւ, նախեւառաջ, Սերժ Սարգսյանի դիրքերը:

Այդուհանդերձ, հստակ է, որ Աբրահամյանը պետք է գտնի բացատրություն՝ նախ ՀՀԿ-ից դուրս գալու եւ հետո էլ` որեւէ այլ նախընտրական ֆորմատի միանալու համար:

ՀՀԿ-ականներն առայժմ ձեռնպահ են մնում նախկին վարչապետի որոշումը մեկնաբանելուց` ըստ էության սպասելով հունվարի 26-ին կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստին: Նշենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը վաղը հանդես կգա հայտարարությամբ, իսկ կուսակցությունը նրանից դիմում դեռ չի ստացել:

Փայլակ Ֆահրադյան