Պաշտոնական Մոսկվան դեմ է Բելառուսում ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելուն. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պաշտոնյան նշել է, որ անընդունելի է ՌԴ քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներին։
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրին արտահանձնելն անթույլատրելի է, և այդ հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով իրականացնում ենք ինտենսիվ շփումներ Բելառուսի արտգործնախարարության, այդ երկրի իրավասու մարմինների հետ»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը Լապշինին ձերբակալել էր 2016-ի դեկտեմբերի 15-ին, ով բնակվում է Մոսկվայում և գրում ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա հետախուզվում է Ադրբեջանում՝ 2011-ի ապրիլին, 2012-ի հոկտեմբերին և 2016-ի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011-ին նրան ներառել էր իր կողմից հետախուզվող անձանց ցուցակում: