Ռուս հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը վստահ է, որ իր «Արևային հարված» (Солнечный удар) ֆիլմը «Օսկարի» հավակնորդների թվում չի ներառվի: Նա կարծում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչների վրա կարող է ազդել իր դիրքորոշումը Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ, հայտնում է Ria Novosti-ն:
«Համոզված եմ, որ չենք ընդգրկվի «Օսկարի» հավակնորդների ցուցակում: Չեմ խոսում ճաշակի մասին, բայց ես Ուկրաինայի սև ցուցակում եմ ներառված. սա քաղաքականություն է»,- ասել է ռեժիսորը:
Միխալկովն ասել է նաև, որ իր համար անսպասելի է եղել ֆիլմի առաջադրումը «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Սովորաբար, այս անվանակարգում հայտնվելու հավակնորդները սկզբում ընտրվում են տեղական ազգային կոմիտեների կողմից, հետո միայն ամերիկյան կինոակադեմիան առանձնացնում է 5 թեկնածուների: