«Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների մատակարարման շուրջ ռուս-ֆրանսիական պայմանագիրը կարող է խզվել, եթե այս ամսվա վերջին Ֆրանսիան ռուսական կողմին չհանձնի նավերից առաջինը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի ՊՆ աղբյուրներին:
«Այո, իրոք, Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանն ուղղաթիռակրի փոխանցման մասին արդեն պաշտոնական հայցում է ուղարկվել», — նշել է ռուսական պաշտպանական գերատեսչության անանուն ներկայացուցիչը:
«Միստրալ» դասի 2 ուղղաթիռակիրների կառուցման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2012թ.-ի ամռանը: Դրա ընդհանուր արժեքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո:
Նոյեմբերի 25-ին, սակայն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ դադարեցնում է Ռուսաստանին ուղղաթիռակիրների փոխանցման գործընթացը: Նշվում է, որ ֆրանսիական կառավարության՝ Ռուսաստանին Միստրալ ուղղաթիռակիրների փոխանցումը չիրականացնելու պատճառով կրելիք վնասը կարող է հասնել 3 միլիարդ եվրոյի: