Օրեր առաջ տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը: Բազմաթիվ քննարկումների ու քննադատությունների առարկա դարձած մրցույթի համար ծախսված միջոցներին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Միսս Հայաստան համահայկական հիմնադրամի» նախագահ, «Միսս Հայաստան-1997» Գոհար Հարությունյանը:
Մրցույթի համար արված ծախսերը հիմնականում արվել են հովանավորների կողմից, շատ բաներ էլ անվճար են արվել. «Մենք շատ համախոհներ ունեինք, ովքեր այն կարծիքին էին, որ պետք է լինի գոնե մեկ ազգային մրցույթ: Աջակցեցին թե՛ անհատներ, թե՛ մշակույթի նախարարությունը և այլ ծառայություններ մատուցողներ. մենք կարողացանք գտնել աջակիցներ: Ճանապարհորդություններ Հայաստանի տեսարժան վայրերում, գեղեցիկ ֆոտոսեսիաներ, մասնակիցների սնունդը, ապրուստն այդ ընթացքում` ապահովել են մեր գործընկերները: Մի փոքր օգնություն եղել է մշակույթի նախարարության կողմից, շոու ծրագրի երգիչները մասնակցել են անվճար: Իսկ մնացած ծախսերը հոգացել են հավանավորները: Իսկ ընդհանուր թիվ չեմ կարող ասել, որովհետև վերջնահաշվարկ դեռ չենք արել»:
Գումարներ անհրաժեշտ են նաև Հայաստանի մասնակցությունը «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում ապահովելու համար: Եվ ինչպես նշեց մեր զրուցակիցը, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի պահանջվող ծախսերը նվազագույնի հասցնեն. «Այնպես ստացվեց, որ մենք մրցույթին մասնակցելու լիցենզիայի համար այս տարի չվճարեցինք, որովհետև մասնակցում ենք առաջին անգամ: Իսկ առհասարակ մասնակցության համար երկրները պարտավորվում են վճարել 5-50 հազար դոլար, կախված տվյալ երկրի սոցիալական վիճակից, ստաբիլ գումար չկա: Բացի մրցույթի մասնակցության համար գումարից, իհարկե, կան այլ ծախսեր, որոնք մեր դեպքում ևս արվում են գործընկերների օգնությամբ: Օրինակ` հագուստի ծախսերը հոգում է Գևորգ Շադոյանը, ով արդեն տարազի և երեկոյան զգեստի աշխատանքները սկսել է: Մյուս ծախսերը` պար, ֆիթնես, հոգում ենք հիմնադրամի մնացած միջոցներով: Բայց դրանք այնքան էլ մեծ ծախսեր չեն: Ավիատոմսի համար էլ հիմա փորձում ենք բանակցել, որ գոնե միայն իր տոմսը անվճար լինի: Էդպես գործընկերների հետ միասին կփորձենք այնպես անել, որ ծախսերն իջեցնենք»:
Իսկ ակնկալիքներ, ինչպես նշեց Գոհարը, առանձնապես չկան. «Այն, որ Հայաստանը մասնակցում է, արդեն մեծ բան է: Սպորտում էլ գումարներ են ծախսվում, մարզում են, ուղարկում օլիմպիադա, բայց տարիներով մեդալներ չենք ունենում, բայց դա չի նշանակում, որ մասնակցություն չպետք է լինի: Նույնը գեղեցկության մրցույթում է, կարող է մի տարի չլինի, մի տարի` քսանյակի, տասնյակի կամ հնգյակի մեջ լինենք: Իսկ այս տարի, չեմ կարծում, որ հաղթելու մասին խոսք կլինի, քանի որ նման մրցույթներն ավելի շատ քաղաքականություն են, քան գեղեցկության մրցույթ»:
Էմմա Հովսեփյան