Մարդու իրավունքների պաշտպանը մի քանի օր առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։
Հարցին՝ ո՞ւմ նախաձեռնությամբ է կազմակերպվել հանդիպումը, Թաթոյանը նշեց, որ հաշվի առնելով այն մտահոգությունները, որ ուներ փաստաբանական թիմը՝ պահման պայմանների հետ կապված, ինքն այցելել է, իր խնդիրը հենց այդ հարցն է եղել։
«Որևէ դժգոհություն չներկայացվեց պահման պայմանների հետ կապված, նույն վիճակն է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է գործի դատաքննությանն առնչվող հարցերին, ասաց, որ թեև իրեն մտահոգություններ են ներկայացվել, բայց ինքը տեղեկացվել է, որ իրավունք չունի միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատական տալ։
Թաթոյանը չբացահայտեց, թե ինչ մտահոգություններ է ունեցել Քոչարյանը․ «Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող հրապարակել, որովհետև օրենքն արգելում է, ընդամենը կասեմ, որ բոլոր այն մտահոգություններն են, ինչ հրապարակային են»։