«Ելք» խմբակցությունն իրականում պաշտոնական դիրքորոշում եւ որեւէ առաջարկությամբ, նախաձեռնությամբ դեռեւս հանդես չի եկել, դա դեռ քննարկումների փուլում է: Վերջնական որոշում չունենք, թե այն ինչ տեսքով է լինելու: Բայց միանշանակ է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալը բացարձակապես չի բխում Հայաստանի շահերից: Ընդ որում, մենք վերջերս առաջարկ ստացանք, ինչքան գիտեմ` Չինաստանի կառավարության կողմից՝ Հայաստանը միջանցիկ օդանավային գոտի սարքելու համար, եւ հիմա մենք շատ լուրջ մտավախություն ունենք, որ հենց ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ «Աերոֆլոտի» գերիշխանությունից դուրս գալը խափանելու համար միգուցե մեր կառավարությունը դա էլ ձախողի»: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե իշխող քաղաքական ուժը «Ելքից» պաշտոնական մեկնաբանություն չի ստացել` կապված Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմից դուրս գալու վերաբերյալ:
Գեւորգ Գորգիսյանը համակարծիք չէ իշխանության ներկայացուցիչների այն պնդումների հետ, թե «Ելքի» առաջարկն արհեստական է եւ զգացմունքային դաշտից է: «Բացարձակ զգացմունքային դաշտի հետ կապված բան չկա: Իշխող կուսակցությունը որեւէ հիմնավորում, փաստարկ չի կարողացել բերել, թե ինչ օգուտ է մեզ տվել ԵԱՏՄ-ում գտնվելը, այն դեպքում, երբ մենք բազմաթիվ վնասների մասին կարողանում ենք խոսել եւ փաստել»,- ասաց խմբակցության քարտուղարը, հավելելով, թե փոխարենը փաստարկներ բերելու, նրանք խոսակցությունը տանում են զգացմունքային դաշտ եւ մեղադրանքներ հնչեցնում:
Անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, որ եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին, Հայաստանի բանջարեղենը, լոլիկն ու վարունգը Փարիզո՞ւմ էին վաճառելո՞ւ, եթե չմտնեինք ԵԱՏՄ՝ կոնյակը Ֆրանսիայում կամ Մեծ Բրիտանիայո՞ւմ էին վաճառել՞ւ, Գորգիսյանը նշեց, որ նշված ապրանքները ոչ ոք մինչև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելն էլ չէր խանգարում վաճառել:
«ԵԱՏՄ մեր մտնելը դրան որեւէ կերպ չի նպաստել, ընդհակառակը, դրա ծավալները չեն ավելացել, եւ կան արհեստական ստեղծվող խոչընդոտներ հայկական ապրանքատեսակեների նկատմամբ»,- նկատեց պատգամավորը, հավելելով, որ դժգոհություններ են ստացել դեղորայքի, գյուղմթերքների արտահանման վերաբերյալ:
Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը հարցը կքննարկի աշնանը: Գորգիսյանը հիշեցրեց, որ «Ելքը» իր նախընտրական շրջանում եւս շեշտել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը չի բխում Հայաստանի շահերից եւ այն պարտադրված գործընթաց է եղել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե «Ելքը» կունենա՞ աջակցություն այս հարցի շուրջ այլ քաղաքական ուժերից եւ հասարակությունից, պատգամավորն ասաց, որ եթե հետեւենք սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանությունների, ապա հասարակական աջակցությունը կարծես թե առկա է: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա այս պահին չի կարող հստակ ասել, քանի որ առաջարկություն դեռեւս չկա: Նրա խոսքով` երբ նախաձեռնությունը կլինի, այդ ժամանակ հստակ կարող են խոսել այլ ուժերի դիրքորոշման մասին:
Փայլակ Ֆահրադյան