տուն Լուրեր Մինչեւ լիազորությունների ավարտը Նաղդալյանը հեռախոսային խոսակցությունների համար գումար չի ստանա

Մինչեւ լիազորությունների ավարտը Նաղդալյանը հեռախոսային խոսակցությունների համար գումար չի ստանա

157
0

Hermine

Մի քանի օր է` մամուլի ուշադրության կենտրոնում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բիզնես լեդի համարվող Նաղդալյան Հերմինեի շուրջ ծագած աղմուկը:  Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումների համաձայն`  ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը 2 մլն դրամի պարտք էր կուտակել բջջային հեռախոսային խոսակցությունների համար, որը վճարվել էր պետական բյուջեից: Հրապարակումից հետո ԱԺ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը հայտարարեց, թե իրականում պարտքը 2 միլիոն չէ, եւ որ «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը պարտքը զիջել է: Հետո Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր հեռախոսը փչացած է եղել, եւ 3G-ն չի անջատվել, ինչի արդյունքում էլ գոյացել է հսկայական գումար: Պարտքի զիջման վերաբերյալ ԱԺ լրատվականի հայտարարությունը հերքվեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության կողմից:

«Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից»: Սա հատված էր ընկերության կողմից տարածված հաղորդագրությունից:

Նույն օրը Արսեն Բաբայանը Araratnews.am-ին փոխանցեց, որ ԱԺ գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել պատճառները մայիս ամսին ընկերության կողմից ներկայացված հաշվի զգալիորեն պակաս լինելու մասին, քան նախնական ներկայացված տեղեկությունում էր, որն ընկալվել է որպես պարտքի զիջում:  Երեկ էլ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին: Համաձայն պարզաբանման` Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017 թ. մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017 թ. մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետեւանքով:

Սա նշանակում է, որ Հերմինե Նաղդալյանի անփույթ վերաբերմունքի պատճառով հարկատուները ստիպված են վճարել 1.382.470 դրամ:  ԱԺ լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունն ավարտվում էր հետեւյալ մտքով. «ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին»:

Խնդրի հանգուցալուծման վերաբերյալ Araratnews.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ` «ՄՏՍ Հայաստան» ընկերության տարածած հաղորդագրությունից հետո Նաղդալյան Հերմինեն հրավիրվել է ԱԺ ղեկավարության մոտ: Խոսակցությունն ընթացել է այն թեմայով, որ առաջացած աղմուկը պետք է հանդարտեցվի: Փաստացի ստացվում է, որ իրավական առումով Նաղդալյան Հերմինեն ճիշտ է գտնվել, եւ նրանից այդ գումարը գանձելու մեխանիզմ ԱԺ-ն չունի, մնում էր հարցի բարոյական կողմը: Այստեղ արդեն մեկնաբանելու կարիք չկա: Եթե խոսքը Հերմինե Նաղդալյանի մասին է, ապա հարցի բարոյական կողմի  մասին խոսելն անգամ ավելորդ է: ԱԺ-ում մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշել են այլ հանգուցալուծում տալ: Նաղդալյանը ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն է, եւ նրան պետական բյուջեից հեռախոսային խոսակցությունների համար ֆիքսված գումար է հատկացվում,  սակայն հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը այսուհետ փոխանցվում է նրան, եւ մինչեւ նրա լիազորությունների ավարտը Նաղդալյանը հեռախոսային խոսակցությունների համար գումար չի ստանա: Իհարկե, դժվար թե բիզնես լեդիին սա մտահոգի:

Որքանո՞վ էր արդարացի հարցի լուծումը, թերեւս քննարկման մեկ այլ թեմա է: Ակնհայտ է մեկ բան. զարգացած ժողովրդավարական երկրներում պետական բյուջեի միջոցները անարդյունավետ ծախսողները լավագույն դեպքում հրաժարական  կներկայացնեին կամ կհայտնվեին ճաղերից այն կողմ: Սակայն սա Հայաստանն է, որտեղ օրենքի առաջ բոլորը հավասար են, իսկ հերմինե նաղդալյանները՝ ավելի հավասար:

 Փայլակ Ֆահրադյան