տուն Լուրեր Մինչեւ 15 տարեկան տղաների 25 տոկոսն է ասել, որ «կույս» չի․ Ալթունյանը...

Մինչեւ 15 տարեկան տղաների 25 տոկոսն է ասել, որ «կույս» չի․ Ալթունյանը ուղիղ եթերում շփոթել է թվերը

180
0

Օրերս ՀՀ առողջա­պահության նախա­րար Լեւոն Ալթունյանը «Ազատություն»  ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդ­րադառնալով «Գարդասիլով» պատվաստումների վերաբերյալ քաղաքացինե­րից մեկի հարցին, թե ինչո՞ւ հենց 13 տարեկան աղջիկ­ներին են պատվաստում, եւ 13 տարե­կանում արժի՞ երեխային պատվաստել, այս բացատրությունն էր տվել. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչեւ աոաջին սեռական փորձը… Հա­յաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչեւ 15 տարե­կան աղջիկների 25 տոկոսն արդեն ու­նի այդ փորձը»:

Նախարարի այս պատասխանը մի շարք հարցեր է առաջացնում։ Նախ` սա  ծանր հանցագործության մասին հաղորդագրություն է: Նկատի ունենք, որ մինչեւ 15 տարեկան, այ­սինքն` անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունը, անգամ նրա համաձայնության դեպքում, համարվում է հանցագործություն: Սրանով պետք է զբաղվեն իրավապահները։

Araratnews.am-ը ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից փորձեց ճշտել, թե ինչ հարցումների հիման վրա է նախարարը նման  տոկոս հրապարակել։ «Մեկ ժամ տևողությամբ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում բանախոսին միաժամանակ երկու հարց է տրվել։ Անանուն տարբեր հարցումներ են արվել։ Համաձայն Արաբկիր ԲՀ-ի հարցման մինչեւ 15 տարեկան տղաների 25 տոկոսն է ասել՝ այո, մինչեւ 15 տարեկանը սեռական հարաբերություն ունեցել եմ, իսկ աղջիկների մեկ տոկոսն է դրական պատասխան տվել։ Ավելի վաղ կատարված մեկ այլ հարցման արդյունքներով նույն տարիքի տղաների 50 տոկոսն է ասել, որ մինչև 15 տարեկանը սեռական հարաբերություն է ունեցել։ Այս դեպքում ստացվում է, որ այդ տարիքի երեխաների շրջանում միջինում ստացվում է 25 տոկոս։ Ահա այս երկու 25 տոկոսն է սխալմամբ նշվել որպես աղջիկների շրջանում»,- ասաց Անահիտ Հայթայանը։  Նա նշեց, որ հարցումն իրականացվել է 2010 թվականին «Արաբկիր» բժշկական կենտրոնի կողմից։ «Ուղղակի շփոթմունք է»,- ասաց մամուլի խոսնակը, հավելելով, որ ոչ թե գինեկոլոգիական հետազոտություն է արվել, այլ անանուն հարցում։ Բացի այդ, հարցումներն անցկացվել են շուրջ 7 տարի առաջ, եւ, հետեւաբար, թվերը այս պահին կարող են փոփոխության ենթակա լինել։

Նշենք, որ համաձայն Հայաստանի դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի 2013-2014 թթ. ազգային հետազոտության արդյունքների վերլուծության` 15 տարեկան հարցվածներից 21 տոկոս տղաները և 1 տոկոս աղջիկներն արդեն իսկ ունեցել են սեռական հարաբերություն:

Փայլակ Ֆահրադյան