Ըստ ՀՀ վիճակագրության սակավարյունությամբ են տառապում երեխաների 37 և հղի կանանց 25 տոկոսը: Սա պատճառ է հանդիսացել ցորենի ալյուրը միկրոէլեմենտներով հարստացնելու հայեցակարգի համար: Հայեցակարգի միակ նպատակն է միկրոտարրերով հաղթահարել դրանց անբավարարությունից պայմանավորված հիվանդությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը և Առողջապահության նախարարության ազգային իստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազանդյանը:
Հրայր Ասլանյանը հայտնեց սակավարյունությունից առաջացող՝ հղի կանանց խնդիրների մասին: «Սակավարյունությունը շատ վտանգավոր է կանանց վերարտադրողականության ժամանակահատվածում: Այն առաջացնում է բնածին արատներ երեխայի մոտ, որոնք էլ պատճառ են հանդիսանում պտղի մահվան կամ ցմահ հաշմանդամության: ՀՀ վիճակագրության համաձայն՝ ծնված 10 հազար երեխաներից 20-ը սակավարյունության հետևանքով արատավոր են լինում: Վերջին տարվա տվյալներով՝ ունենք մոտավորապես 80 այդպիսի դեպք»:
Ինչ-որ նոր բան չի ավելացվելու ալյուրի մեջ: Ցորենի վերամշակման ժամանակ ալյուրից դուրս է գալիս երկաթի մեծ քանակություն, որը անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, հայտնեց Ալեքսանդր Բազանդյանը: «Միկրոտարրերը ավելացվելու են այն ալյուրների մեջ՝ որոնցից հենց վերամշակման ընթացքում դուրս է եկել միկրոտարրերի մեծ քանակ: Մյուս՝ ցածր որակի ալյուրները՝ որոնք լավ վերամշակում չեն անցնում, հավելումներով չեն հարստացվելու: Առողջապահության նախարարությունը ցանկանում է վերականգնել այդ միկրոտարրերը այն մթերքի միջոցով, որն էլ ամենաշատն է օգտագործվում տվյալ հասարակության կողմից»: