տուն Լուրեր Միկրոբիզնեսն ազատված կլինի բոլոր հարկերից

Միկրոբիզնեսն ազատված կլինի բոլոր հարկերից

73
0

Երկրում, հանրության մեջ չեն կարող տեղի ունենալ փոփոխություններ, առավել ևս պոզիտիվ փոփոխություններ, եթե այդ փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում 2019-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Երբ մենք մինչև այժմ ասել ենք տնտեսական աճ, տնտեսական զարգացում, նկատի ենք ունեցել, որ պետք է ինչ-որ տեղից ինչ-որ խորհրդավոր մարդիկ կամ ինչ-որ խորհրդավոր ընկերություններ գան և զարգացնեն պետությունը, և կառավարությունն էլ պետք է զբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունների կարգավորմամբ: Մենք տնտեսական աճ ասելով նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում, և մեզ համար կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ այն լինի ներառող»,- ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Իսկ թե ի՛նչ նկատի ունի ներառող ասելով՝ Փաշինյանը բացատրեց. «Սա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն, խոսքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական իրական հնարավորությունների մասին է: Մենք այսօր ըստ էության համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, որովհետև Հայաստանում այլևս չկան մենաշնորհներ, չկան տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ, և դրանով քաղաքական և տնտեսական նախապայմանների մի մասն ապահովված է: Ուրեմն, առաջիկա շրջանում մեզ համար կարևորագույն խնդիրը լինելու է հենց տնտեսական նախապայմանների և պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունեության ցանկացած ձև լինի մատչելի, բոլորի համար՝ դե յուրե, և հնարավորինս մեծ թվով մարդկանց համար՝ դե ֆակտո»:

Վարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց. «Կարևորագույն խնդիրն է աշխատանքի խրախուսման կարևորագույն որոշումը, որ մենք, ըստ էության, որոշել ենք սահմանել մի այսպիսի նոր հասկացություն ՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն՝ մինիմում 20 մլն շեմը կլինի, մաքսիմում՝ 24 մլն, այստեղ դեռ հաշվարկների և քննարկումների փուլ է, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ: Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն՝ կախված ոլորտների հետ, և կլինի նաև գոտիականության խնդիր: Մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը»: