«Ես մոտեցել եմ բացառապես այն պատգամավորներին, ովքեր նախապես ինձ դիմել են՝ ասելով, որ երբ ձևաթուղթը բերենք դահլիճ, ապա իրենց մոտենամ: Ես չեմ մոտեցել այն պատգամավորներին, որոնք ինձ նախապես չեն դիմել, որովհետև մտածել եմ, որ եթե իրենք չեն դիմել, ապա չեն ցանկանում ստորագրել և չեմ ցանկացել որևէ մեկին դնել վատ դրության մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով հարցին`Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու առիթով ստորագրություններ հավաքելիս ինչո՞ւ չի մոտեցել ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին:
Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ստորագրահավաքի մասին իր հայտարարությունը եղել է հրապարակային եւ ուղղված խորհրդարանի բոլոր 131 պատգամավորներին ու ովքեր ցանկանում են ստորագրել` կարող են մոտենալ եւ ստորագրել: «Մեր խմբակցություն մոտեցել են բազմաթիվ պատգամավորներ, ստորագրել են ձևաթուղթը, կային պատգամավորներ, ովքեր հեռախոսով զանգահարել են ինձ կամ անձամբ նիստերի դահլիճում մոտեցել ու խնդրել, որ տամ ձևաթուղթը: Բայց, կրկնում եմ, որևէ պատգամավորը, որը նախապես ինձ դիմած չի եղել, ես չեմ մոտեցել»: Տիկին Զոհրաբյանը նաեւ թվարկեց նախապես իրեն դիմած պատգամավորներին՝ Արտաշես Գեղամյան, Սամվել Ֆարմանյան, Խոսրով Հարությունյան, Ռուբեն Հակոբյան և այլն: Մեր զրուցակիցն ասաց, որ արդեն կա 37 ստորագրություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/05/568551/