«Թե ինչու հիմա՝ դա բոլորիս է պարզ, որովհետեւ միջազգային կազմակերպությունները ջանքեր են գործադրում, որպեսզի մոտակա օրերին հանդիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ այդ հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը միշտ սրում է իրավիճակը հայ- ադրբեջանական, ինչպես նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Այնպես, որ սա մեզ համար նորություն չէ»,- Araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հերթական ռազմատենչ հայտարարությանը:
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե իրենք ավելի ուժեղ հարվածներ են հասցնելու հայկական կողմին՝ օգտագործելով կործանիչ միջոցներ:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է, թե իրավիճակը վերջին շրջանում բավականին լարված է, եւ Ադրբեջանն օգտագործում է խոշոր տրամաչափի զինատեսակներ: «Հայտնի է, որ ադրբեջանական կողմը տանկերով էլ է հարվածներ հասցրել մեր դիրքապահների ուղղությամբ, հետեւաբար Զ. Հասանովի այն հայտարարությունը, թե ավելի մեծ մասշտաբի ծանր հրետանի կօտագործեն հայկական կողմի դեմ, բացարձակ զարմանալի չէ: Եթե տանկերն օգտագործում էին հենց այնպես, ապա նախագահների հանդիպումից առաջ Ադրբեջաննն ավելի սանձարձակ եւ լկտի պահվածք է դրսեւորում։ Այնպես որ ինձ համար զարմանալի չէ»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով, միեւնույն ժամանակ, Ադրբեջանը լավ հասկանում է, որ հայկական կողմի պատասխանը կլինի եռակի ու քառակի: «Բայց այստեղ խնդիրը հետեւյալն է՝ միջազգային Միսնկի խմբի անդամները պետք է վերջ դնեն Ադրբեջանի սանձարձակ պահվածքին, իսկ եթե ոչ, ապա հայկական կողմը պետք է պարտադրի Ադրբեջանին հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները ըստ 1994 թվականի ստորագրած զինադադարի»,- ասաց քաղաքագետը: Բացի այս Գագիկ Համբարյանի խոսքով չի բացառվում, որ Ադրբեջանը, սրելով իրավիճակը, անում է ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպումը տեղի չունենա:
Ըստ քաղաքագետի, եթե իրավիճակը շարունակի լարվել, իսկ համանախագահները լռեն կամ լղոզված հայտարարություններով հանդես գան, ապա Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, որ նա մտադրություն չունի հանդիպելու Ալեւի հետ. հայկական կողմի համար մեկ զինվորի կյանքը շատ թանկ է, եւ ՀՀ իշխանությունները բացարձակ պարտավոր չեն հանդուրժել Ադրբեջանի լկտի պահվածքը:
Մեր հարցին, թե բացի այն, որ Ս.Սարգսյանը կարող է հայտարարել, որ հանդիպում չի լինի, անելիք ու ասելիք չունեն արդյոք միջազգային կազմակերպությունները, քաղաքագետը պատասխանեց. «Հայկական կողմը բազմիցս է դիմել, բայց միջազգային կառույցները երկդեմ քաղաքականություն են վարում, հատկապես Մինսկի խմբի համանախագահները, ովքեր ունեն այդ քարտ բլանշը, այսինքն լիազորությունները ԼՂՀ կոնֆլիկտի հետ կապված, անընդհատ լղոզված հայտարարություններով են հանդես գալիս»: Այս ամենն էլ, ըստ Գ.Համբարյանի, ավելի սանձարձակ է դարձնում Ադրբեջանին: Նրա խոսքով՝ պետք է կոնկրետ անուն տալ: Միեւնույն ժամանակ Համբարյանը նշում է, որ միջազգային կազմակերպությունները չեն սիրում մշտապես բողոքող եւ լացկան պետություններին, եւ, հետեւաբար, ժամանակն է վերջ տալ համանախագահներին դիմելու պրակտիկային: «Հայկական կողմը պետք է շատ դաժան պատժի ադրբեջանական կողմին եւ այդ ապացույցները ներկայացնի միջազգային հանրությանը: Մեր կողմի սխալն այն է, որ մերոնք պատժում են, եւ մենք կողքից իմանում ենք, որ Ադրբեջանը բազմաթիվ զոհեր է ունեցել, մեր գերատեսչությունը չի ուզում դա հրապարակել, դա սխալ է, քանի որ թուրքը վախկոտ ազգ է, եւ երբ տեսնի, թե ինչ է անում հայն իր գլխին, չի կրկնի այն»:
Իսկ, որ միջազգային հանրությունը չի պատժում Ադրբեջանին, ըստ քաղաքագետի, պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք էլ ունեն իրենց շահերը: Ադրբեջանն ունի նավթ եւ գազ, իսկ հայկական կողմը պետք է իր հույսը դնի միայն իր վրա:
Եզրափակելով Գագիկ Համբարյանն ասաց, թե միջազգային կազմակերպությունների ուշքն ու միտքը մի հանդիպում կազմակերպելն է նախագահների մակարդակով, որպեսզի ապացուցեն, թե գործ են անում, եւ որ նպատակային են ծախսում այն միլիոնավոր դոլարները, որ ստանում են աշխատավարձի տեսքով: