ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը ողջունում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պողոսյանը հայտարարեց. «Դա նաև նրա համար է, որ մատնացույց անի իրավական համակարգի բոլոր բացերը»:
Հարցին, թե արդյո՞ք ինքը մտավախություն չունի, որ հանձնաժողովը կբացահայտի պաշտոնատար անձանց հայտարարագրերում տեղ գտած անճշտությունները և նրանք այլևս չեն կարող իրենց բարեկամների անունով գրանցել ունեցվածքի մի մասը՝ Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ես դրոշակակիր եմ այդ հարցում: Ես կողմ եմ այդ հանձնաժողովի գործունեությանն ու այն մարդկանցից եմ եղել, ովքեր բարձրաձայնել են, որ դրա կարիքն այսօր կա»:
Հարցին, թե արդյոք այսուհետ իր կարողության հրապարակման հարցում ավելի անկեղծ է լինելու՝ հաշվի առնելով իր մասնակցությամբ օֆշորային սկանդալը, Պողոսյանն ասաց.«Շատ ավելի անկեղծ եմ, քան կարծում եք»:
Լրագրողները առաջարկեցին Միհրան Պողոսյանին ավելի անկեղծանալ և պատմել, թե ինչպես է հարստացել:
«Գոյություն ունի բիզնես կառավարելու ունակություն, որն աշխարհում մարդկանց 3 տոկոսն ունի: Ես 16 տարեկանից աշխատել եմ և 20-ում հիմնել եմ «Քեթրին» կազմակերպությունը, երբ եղել եմ 2-րդ կուրսի ուսանող: 2-րդ կուրսի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողը սկսել է հաց արտադրել և այլն, և այլն», — պատմեց պատգամավորը:
Միհրան Պողոսյանը նաև հերքեց մամուլում տարածված լուրեն այն մասին, որ ինքը մտադիր է քաղաքապետի պաշտոնի համար մրցել Տարոն Մարգարյանի հետ:
Միհրան Պողոսյանը չհամաձայնեց այն պնդման հետ, որ ինքն աթոռ «ծանրացնող» պատգամավոր է և գործ չի անում: «Ես որոշել եմ ազգիս պիտանի լինել այս ճանապարհով», — ասաց Պողոսյանն ու հավելեց, որ ԱԺ-ում հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով և հասարակության ձայնը բարձրաձայնելով: