Այսօր ԱԺ-ում քննարկվում է Պետական պաշտոնները զբաղեցնող անձանց վարձատվության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն իր ելույթում ասաց.
«Նախագծի առաջարկով փոփոխություններն ունեն երեք նպատակ: Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատվության մասին օրենքի ընդունման առնչությամբ որոշակի անհամապատասխանություններ են առաջացել հարկային և մաքսային ծառայության միևնույն մակարդակի պաշտոնների աշխատանքի վարձատվության միջև, ինչպես նաև ֆինանսների նախարարության քննչական վարչության և քննչական կոմիտեի համապատասխան աշխատակիցների աշխատավարձի մակարդակների միջև»:
Վախթանգ Միրումյանի խոսքով՝ օրինագծով առաջարկվում է համահարթեցնել և հավասար մոտեցում սահմանել այս պաշտոնների համար, այսինքն՝ հարկային և մաքսային ծառայությունների միևնույն մակարդակի պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը լինեն նույնը. գործառույթային առումով էական տարբերություններ չկան: