տուն Լուրեր Միայն դեմ լինելը հատուկ չէ նորմալ սոցիալական զանգվածին. Արամ Կարապետյան

Միայն դեմ լինելը հատուկ չէ նորմալ սոցիալական զանգվածին. Արամ Կարապետյան

117
0

Aram-Karapetyan32-e1348830799255
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կողմ է Հայաստանի կողմից ԵՏՄ պայմանագրի վավերացմանը և միասնական տնտեսական գոտու ստեղծմանը: Ասում է՝ այստեղ է, որ մեր երկիրը կարող է դուրս գալ ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից և լուծել երկրի առջև ծառացած մյուս բոլոր խնդիրները:  «Մենք ինչքան էլ հայհոյենք, ինչքան էլ փնովենք, զուր է, վերջիվերջո կա պատմական հիշողություն: Հայաստանը մտավ Խորհրդային միություն կազմի մեջ՝ շատ վատ տնտեսական վիճակով, (անկախության կորստի մասին չէ խոսքը), բայց այդ ընթացքում 4 անգամ աճեց  բնակչությունը, տնտեսական վիճակն էլ բարելավվեց»,-araratnews.am-ի հետ զրույցում նշեց Արամ Կարապետյանը:
Անդրադառնալով այսօր մի խումբ ակտիվիստների կողմից ՍԴ դիմաց անցկացված բողոքի ակցիային՝ մեր զրուցակիցը նկատեց. «Շատ նորմալ է, որ ՍԴ-ն քննարկում է, դեմն էլ ակցիա է: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան նաև մարդիկ, որ այդ անդամակցությանը դեմ են, բայց ես երբևէ կողմ չեմ, որ դեմ լինող մարդը միայն դեմ լինի, միայն դեմ լինելը, միայն ժխտելը՝ դա ներհատուկ չէ նորմալ սոցիալական զանգվածին, ինչ-որ բան պետք է առաջարկեն չէ՞: Լավ, ենթադրենք դա վատ է, բա լավը ո՞րն է»:
Հարցին, թե ակցիայի մասնակիցների` Հայաստանի անկախության վտանգման մտավախությունը արդարացված է, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Քաղաքագիտական կոպիտ սխալ է, թե դրանով վտանգվում է Հայաստանի անկախությունը: ԵՏՄ անդամակցությունը ոչ մի ձևով Հայաստանի անկախությանը չի սպառնում, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ աշխարհում չկա մի երկիր, որ որևէ մեկ այլ միություն (եթե դրանք տնտեսական միություններ են) մտնելուց ինչ-որ չափով իր ինքնիշխանությունը չզիջի»: