Անկասկած, առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածը, որ համարվում է նախընտրական, առավելապես աչքի է ընկնում քաղաքական դաշտի անորոշությամբ. տպավորություն է` ասես աշխարհի վերջն է, իսկ ապրիլյան ընտրություններն էլ հայոց պատմության մեջ վերջինն են լինելու. ով հասցնում է «քիթը մտցնում է» քաղաքականության մեջ` առանց մտածելու կամ ինքն իրեն հարց տալու` կոնկրետ ո՞րն է լինելու քաղաքական դաշտում իմ անելիքը: Այսպիսով` ցավով պետք է խոստովանենք, որ շատ իմաստներով այսօր Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը դարձել է ինքնանպատակ մի բան, ու մատների վրա կարելի կլինի հաշվել գործիչների, որոնք կարող են համոզիչ հիմնավորումներ ներկայացնել, թե ասենք առանց իրենց հատկապես որքանով կարող է տուժել քաղաքականությունը որպես երևույթ:
Անխոս, վերջին շրջանի կարևորագույն ներքաղաքական ինտրիգային հարցերից մեկն էլ հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի` առաջիկա ընտրություններին մասնակցության հարցն էր. բավական տևական ժամանակ էր, ինչ Սուքիասյանը տարբեր քաղաքական ուժերի հետ բանակցություններ էր վարում այս հարցի շուրջ: Փետրվարի 3-ի հայտարարությունը, սակայն, շատերի համար սառը ցնցուղի դեր կատարեց. Խաչատուր Սուքիասյանը բոլորովին անսպասելիորեն հայտարարություն տարածեց, ուր ասվում էր` որոշել է չմասնակցել ապրիլյան ընտրություններին` նախընտրելով սեփական ժողովրդին ծառայել այլ կերպ` տնտեսության զարգացմանը միտված իր քայլերով: Թե այս հայտարարությունն ինչ արձագանք կգտնի հասարակական-քաղաքկան շրջանակներում, իհարկե դեռևս վաղ է ասել, բայց այն, որ Խաչատուր Սուքիասյանի որոշումը` առաջիկա ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, միանգամայն ողջախոհ ու հիմնավոր որոշում է, կասկածի տեղիք չի թողնում: Եվ իրոք, իսկ ո՞վ է ասել, որ ժողովրդին ծառայելու միակ ճանապարհը քաղաքականությամբ զբաղվելն է:
Պետք չէ մոռանալ, որ որքան էլ քաղաքական այս կամ այն գործիչները քաղաքականություն իրենց մուտքը փորձեն արդարացնել իբր հայրենքին ծառայություն մատուցելու բուռն ցանկությամբ, փաստ է, որ ներկա իրավիճակում, երբ դաշտում թացը խառնվել է չորի հետ, երբ գրեթե կատարյալ քաոս է տիրում, քաղաքականությունը մարդկային գործունեության այն ամենավերջին ասպարեզն է դարձել, որում գործունեություն ծավալելով անձը կարող է ծառայություններ մատուցել ասենք հայրենիքին: Եկե՛ք անկեղծ լինենք, քաղաքական գործիչները, հատկապես մեզ մոտ` Հայաստանում, որպես կանոն` ամենևին էլ ի սեր ժողովրդի մուտք չեն գործում այդ բնագավառ, այլ ընդամենը փորձում են նույն այդ քաղաքականությունը ծառայեցնել սեփական շահերին, խաղալ ժողովրդի զգացմունքների հետ ու այդ ամենի հաշվին բազմապատկել սեփական ունեցվածքը. սա է իրականությունն, ու թո՛ղ ով ինչ ուզում է` ասի…
Կարո՞ղ է, արդյոք, մեծանուն գործարարն իր անգնահատելի լուման ներդնել Հայաստանի զարգացման գործում առանց քաղաքական խաղերի մեջ մտնելու, կարո՞ղ է, արդյոք, առանց քվե հայցելու նույնքան օգտակար դերակատարում ստանձնել երկրի կյանքում, որքան քաղաքականությամբ զբաղվելիս: Իհարկե կարող է ու դեռ մի բան էլ շատ ավելի անկաշկանդ շատ ավելի ազատորեն` զերծ քաղաքական ինչ-ինչ կապանքներից, զերծ սրա-նրա քաղաքական շահերի բախման կիզակետում հայտնվելու վտանգից, զերծ այն ամենից, ինչ իրոք իր պարագայում ավելորդ կլիներ. չմոռանանք` ճառասացները մեզանում միշտ էլ շատ են, զանգ կախողներն են քիչ. մեզ զանգ կախողներ են պետք, ճառ ասողներից ժողովուրդը կշտացել է…
Նյութի աղբյուրը՝ norlur.am