Ժամեր առաջ հայտնի է դարձել, որ «Սպայկա» ընկերության անվտանգության պետի՝ Գեւորգ Այվազյանի դին են հայտնաբերել գերեզմանոցում: Araratnews.am-ը զանգահարեց ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանին՝ պարզաբանում լսելու: «Ցնցված ենք, շոկի մեջ ենք: Գեւորգը Արտաշատի ջերմոցներում անվտանգության բաժնի ղեկավարն ենք»,- ասաց պարոն Բաղդասարյանը:
Զարգացման գծով տնօրենն ասաց, որ Գեւորգ Այվազյանը մի քանի օր աշխատանքի չի եկել: Զանգահարել են ընտանիքին՝ հասկանալու, թե ինչու աշխատանքի չի գալիս: «Գեւորգը շատ հարգված աշխատակից էր, երկար ժամանակ աշխատել է մեզ մոտ: Որեւէ տարօրինակ բան չենք նկատել»,- հավատացրեց Կարեն Բաղդասարյանը:
Հնարավո՞ր է այս դեպքը կապ ունենա ընկերության դեմ հարուցված քրեական գործի հետ, եթե հաշվի առնենք, որ «Սպայկայի» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորեցին, որ գործի հետ առնչվող անձանց վրա ազդեցություն չունենա: «Որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Շահարկումներ ինչքան ասես կարող է լինել»,-ասաց տնօրենը:
Հարցին՝ Գեւորգ Այվազյանը քրեական գործում ներգրավված եղե՞լ է, Կարեն Բաղդասարյանը բացասական պատասխանեց:
«Սպայկա» ընկերությունը ցավակցում է Այվազյանի ընտանիքին եւ պատրաստ են աջակցելու նրան:
Սոնա Դավթյան