ՀՀ Ազգային ժողովում շարունակում է քննարկվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ ելույթով հանդես եկան նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորները: «Պարոն փոխնախագահը տարկետման իրավունքից չի օգտվել»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ինքը երբեք տարկետման իրավունքից չի օգտվել. «Ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետև, միգուցե, ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, բայց որևէ զինվորական կոմիսարիատի զանգերին մի վայրկյան անգամ չեմ ուշացել: Պարտաճանաչ գնացել եմ բոլոր զինկոմիսարիատները, հիմա չեն կանչել, գտել են, որ իմ զինվորական ծառայությունը պետք չի, դա օրենքով է եղել: 11 տարի է՝ ասում եք՝ Շարմազանովը չի ծառայել: Մի հատ հետաքննություն արեք, տեսեք՝ ինչո՞ւ չի ծառայել, խուսափե՞լ է, թե՞ չէ: Եթե դա տենց լինի, ես խոստանում եմ՝ քաղաքականությունից դուրս կգամ: Անընդհատ ասում եք՝ դասալիք-դասալիք, էդ դասալիքը ձեզ պատվեր տվողներն են: Բերեք այս դահլիճում չբաժանենք՝ ով ծառայել է` հայրենասեր է, ով չի ծառայել՝ հայրենասեր չէ: Ով դասալիք է, հայրենասեր չէ, համաձայն եմ»:
Իսկ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց, թե այս նախագծով ընդդիմադիրները ինքնահաստատվում են:
«Ինձ համար զարմանալի են որոշ քաղաքական գործիչների բուռն քննադատությունները նախագծի վերաբերյալ, որովհետեւ խմբակցությունների քննարկումները եղել են շատ կոնստրուկտիվ: Պարզապես որոշ ընդդիմադիր իմ գործընկերներին կխնդրեի, որ ի նկատի ունենան՝ այս այդ օրենքը չէ, որ իրենց ընդդիմադիր կերպարի համար ինքնահաստատման եզրեր գտնեն»,- ասաց նա:
Նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են: