ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Մարգրեթ Քիներ Նիլենը բանտում մահացած Մհեր Եղիազարյանի գործով դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանին։
«Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը մտահոգված է Հայաստանի կալանավայրում հացադուլից հետո Մհեր Եղիազարյանի ողբերգական մահվան փաստով։ Խոսքը կալանավորի վաղաժամ մահվան մասին է: Գործի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները կարևոր են»,- ասվում է ԵԱՀԿ ԽՎ թվիթերյան էջում։
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող կալանավոր, լրագրող Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքները:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահը պատկան մարմինների հանդեպ քննադատության ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում:
Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ձերբակալման փուլում, որպես բողոք՝ իր դեմ հարուցված քրեական գործի: Դեկտեմբերի 5-ին, երբ նա ԱԱԾ ձերբակալվածներին պահելու վայրից տեղափոխվել է Արդարադատության նախարարության, մինչև 2019 թվականի հունվարի 17-ը՝ հացադուլի դադարեցնելու օրը (մինչև ստացիոնար բաժանմունք տեղափոխվելը), պահվել է այդ նպատակով հատուկ առանձնացված վայրում: