Դուք քանիցս Ձեր հրապարակային խոսքում կրկնել եք, թե դասական քաղաքական գործընթացները մեր խնդրի համար լուծում չունեն: Ի՞նչ հիմքով եք դա պնդում:
Իսկ դուք այդ լուծումը տեսե՞լ եք այս քսանհինգ տարում: Դասական քաղաքական գործընթացների արդյունքում ունենք մեր այս վիճակը՝ ճխլված հոգեվիճակով ժողովուրդ ու մի այնպիսի ընդդիմություն, որը համապետական ընտրությունների արդյունքում 8-9 մանդատ ստանալով՝ հրավառություն է անում, մինչդեռ երբ քսան տարի առաջ իշխանություններն ընդդիմությանը բաժին էին հանում կրկնակի շատ մանդատ, ապա բողոքի բազմահազարանոց ցույցերը ցնցում էին երկիրը:
Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր պնդման հիմքը:
Դասական քաղաքական գործընթացները դասական պատմական ուղի անցած ժողովուրդների համար են: Մեր ուղին ոչ ստանդարտ է եղել: Հնում լինելով բավականին կազմակերպված ու շատ-շատերից քաղաքակրթորեն զարգացած, ինչ-ինչ հանգամանքների բերումով վերջին 16 դարերից 14-ում սեփական պետությունը չենք ունեցել: Իսկ պետությունը, այլ նշանակությունից զատ, նաև ժողովրդի կազմակերպման, դաստիարակման գործառույթներ ունի: Եթե դուք տեղեկանաք, թե, ասենք, Անգլիայի թագավորները որպիսի դաժան միջոցներով են իրենց ժողովրդին վարժեցրել օրենքներին, ապա կսոսկաք:
Մենք 14 դար չենք ունեցել այդ կազմակերպիչն ու դաստիարակը, չենք ունեցել ամբողջական հանրային կյանք, և դա իր բացասական ազդեցությունն է ունեցել մեր ժողովրդի հոգեկերտվածքի վրա: Բայց դա ողջ պրոբլեմը չէ: Այդ ընթացքում մենք եղել ենք քաղաքակրթապես մեզանից շատ աստիճաններ ցած գտնվող, անգամ վայրենի ժողովուրդների գերիշխանության տակ: Դարեր տևած այդ ժամանակահատվածում, ինչպես նկատել է Հայկ Ասատրյանը դեռ 90 տարի առաջ, մեր բնատուր, դասական հատկանիշները նահանջել են, իրենց տեղը զիջելով ձեռքբերովի հատկանիշներին, որոնք կոչված էին ապահովելու առանձին անհատի գոյությունը սոսկալիորեն դաժան իրավիճակներում: Հիմա, երբ մենք ազատ ենք ու մենք ենք մեր գլխի տերը, ձեռքբերովի այդ հատկանիշների համախումբը ձևավորում է հասարակական մտածողություն, հասարակական վարք, որի հիման վրա ոչ միայն հնարավոր չէ զարգացող պետություն ունենալ, այլև եղած պետության գոյությունը վտանգվում է:
Այսպիսի դեպքի համար դասական քաղաքական պայքարը հակացուցված է, ինչում մենք համոզվեցինք այս քսանհինգ տարիների ընթացքում: Այսպիսի դեպքում ընտրանին պիտի գտնի մոռացված դասական հատկանիշները վերականգնելու ուղին:
Նույն Հայկ Ասատրյանը տրտնջում էր, թե հայերին բնորոշ է մտավոր մակերեսայնությունը, որ ամենուր մտածումի փոխարեն հույզ է: Եվ հավատարիմ մնալով այդ վատ ավանդույթին` երրորդ հանրապետության մեր քաղաքական այրերը անկարող գտնվեցին տեսնել մեր իրականությունը որոշող խորքային երևույթները, ամենը պայմանավորեցին տվյալ պահի իշխանավորների վարքով և մարդկանց տարան պայքարի հետևանքի դեմ, որը պիտի ունենար այս ավարտը:
Փաստորեն, որքան հասկացա, գտնում եք, որ քաղաքական պայքարի փոխարեն քաղաքական գործիչները պիտի առաջարկեի՞ն ձեռքբերովի բացասական հատկանիշներից ազատվելու և մեր դասական հատկանիշները հետ բերելու, վերականգնելու տարբերակ:
Դա ես չեմ գտնում, այդպես գտել են առաջին հանրապետության շրջանի մեր մեծերը, ովքեր ղեկավար պաշտոններ ունենալով՝ զննել են մեր ժողովրդին Հայաստանում, ապա նաև՝ սփյուռքի համայնքներում: Նրանք զգալի տեսական աշխատանքներ են կատարել, անաչառորեն նկարագրել են իրավիճակը և ուրվագծել այն վերափոխելու ուղին: Երրորդ հանրապետության մինչ այժմ եղած բոլոր քաղաքական նախաձեռնություններն ունակ չգտնվեցին տեսնել այս լուրջ խնդիրը և խամրեցին, վերացան: Ցավոք, չտեսնելու այդ գործընթացը շարունակվում է նաև այժմ, և այսօր էլ քաղաքական հարթակներում նկատելի են տեսակետներ, նախաձեռնություններ, որոնք մտավոր մակերեսայնության տիրույթում են և հաշվի չեն առնում իրականությունը ձևավորող խորքային երևույթները:
Մի՞թե այդքան բարդ է տեսնելը:
Երևի թե բարդ է: Ասացի` այս երևույթը նկատել են առաջին հանրապետության շրջանի մեր որոշ անհատականություններ` Նժդեհ, Ասատրյան և էլի ուրիշներ: Նրանց ազատազրկումից հետո ազգային ուսումնասիրությունների նրանց աշխատանքները կանգ առան: Սփյուռքն այդպես էլ հետագա 70 տարիների ընթացքում չնկատեց խնդիրը և չշարունակեց կիսատ մնացած գործը: Իսկ ԽՍՀՄ-ում ազգային խնդիրների մասին բարձրաձայնելն արգելված էր: Երրորդ հանրապետության քաղաքական մտքի ընթացքին արդեն անդրադարձանք:
Ֆրանսիացի հոգեբան Լե Բոնը դեռ 120 տարի առաջ է զգուշացրել, թե որպիսի աղետի կմատնվի երկիրը, եթե դրսերից բերվեն ուրիշների օրենքները և փորձ արվի կիրառել դրանք` առանց ժողովրդի մտածողությունն անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու: Մենք այս զգուշացումը հաշվի չառանք ու փշրեցինք ժողովրդի ոգին: Իսկ Մարքսը դեռ 150 տարի առաջ էր պարզել, որ թափթփված վարքով ժողովուրդը կմատնվի սոսկալի սոցիալական աղետի, եթե անցնի կապիտալիստական կացութաձևին: Մենք սա էլ հաշվի չառանք, ու խորքային երևույթները նկատելու փոխարեն ամենը պայմանավորեցինք իշխանավորների վարքով ու պայքարեցինք հետևանքների դեմ՝ էլ ավելի վատացնելով վիճակը:
Այս մտքերը ես նոր չէ, որ արտահայտում եմ. դրանք ներառված են 2007-ին հրատարակված իմ «Կոնսերվատիվ հեղափոխություն» գրքում, որում նաև ներկայացված է իրավիճակի վերափոխման` մեր մեծերի կողմից առաջարկված ուրվագծի լրամշակված տարբերակը:
Զգուշացնում եք ահա արդեն 10 տարի, և քաղաքական դաշտը գնում է հի՞ն արահետով…
Բայց ի՞նչ է տասը տարին, եթե Նժդեհի, Ասատրյանի ուսումնասիրություններն ահա արդեն 90 տարի է՝ չեն հասնում մեր քաղաքական այրերի գիտակցությանը: Մտածումի փոխարեն հույզեր՝ սա է եղել մեր քաղաքական դաշտի զբաղմունքը, այդ պատճառով էլ մաշող տեղապտույտի մեջ ենք:
Մեզ հարկավոր է այլ որակի քաղաքական նախաձեռնություն, որն ունակ լինելով տեսնել երևույթների խորքը՝ իր առջև նպատակ կդնի միաժամանակ վերափոխել թե՛ ժողովրդին, թե՛ իշխանություններին: Մեզ այլ որակի ընտրանի է հարկավոր, որը կառաջնորդվի ոչ թե հույզերով, այլ՝ մտածումով:
Ձեր գնահատումներով` ի՞նչ փուլում է այդ ընտրանու ի հայտ գալը:
Վիճակն աղետալի չէ, բայց նաև բարվոք չէ: Այս ու այնտեղ մտահոգ փոքրիկ խմբեր կան, որոնք մտքի օգտակար աշխատանքներ են անում: Հայության ինքնակազմակերպման նպատակ ունեցող նախաձեռնություններ էլ կան: Մշակութային, սոցիալական նախաձեռնություններ էլ են առկա: Մեծ խնդիր է նրանց բոլորին համագործակցության հարթակ բերելը: Բայց կրկին` մեր անցյալով պայմանավորված խանգարող գործոններ կան՝ ամբիցիա, մյուսին չվստահել, մեծ թիմով գործելուն անվարժություն, վարկաբեկիչ բամբասանքներին հավատ ընծայում և այլն:
Իրավիճակը ստիպում է հաղթահարել կաշկանդիչ այս գործոնները, և հուսով եմ, որ առաջիկայում ճեղքում կլինի: Աշխատանքներ այդ ուղղությամբ կատարվում են:
Հարցազրույցը՝ Էմմա Հովսեփյանի