Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ, նշելով, որ Ամերիկայի գավաթի եզրափակչում պարտությունից հետո կավարտի կարիերան ազգային հավաքականում` հաղորդում է Korrespondent-ը:
Մեսսին չի կարողացել իր թիմին օգնել նվաճելու Ամերիկայի գավաթը: 11-մետրանոց հարվածաշարում Չիլիի թիմը հաղթել է Արգենտինայի հավաքականին (4:2): Հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել են 0:0 հաշվով:
«Ինձ համար հավաքականում ամեն ինչ ավարտվեց: Ես չափազանց հիասթափված եմ, որ մեզ ոչինչ չհաջողվեց: Ես չկարողացա իրացնել շատ կարևոր տուգանային հարված: Ես հավաքականի հետ պարտվել եմ արդեն չորրորդ եզրափակիչը: Մենք փորձում էինք այսօր հաղթել, ես փորձում էի, սակայն չստացվեց: Ես հեռանում եմ: Դա լավ կլինի բոլորի համար»,- ասել է Մեսսին: