տուն Լուրեր Մերժված հանրապետականներ, կադրային սով

Մերժված հանրապետականներ, կադրային սով

147
0

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից և նոր կառավարության կազմավորումից հետո Նիկոլ Փաշինյանն ու նոր ղեկավարները առերեսվեցին դառն իրականության հետ: Նրանք չունեն բավարար կադրեր, որպեսզի կարողանան իրացնել իրենց տրված մանդատը: Այդ մասին իր ասուլիսի ժամանակ նշեց նաև վարչապետ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ կստեղծվի ազգային կադրային բանկ, որպեսզի հետագայում արժանավոր և հմուտ մասնագետները նշանակվեն այս կամ այն պաշտոնին:

Կադրային այս բացը մասամբ կարող էին լրացնել ՀՀԿ-ի շարքերում գտնվող Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Աշոտյանը, Միհրան Հակոբյանը, ինչու ոչ, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը և այլք:

Սրանք մարդիկ են, որոնք տարիներ շարունակ աշխատել են պետական համակարգում և կարող են իրենց ծառայություններով օգուտ բերել Հայաստանին և մեր պետության զարգացմանը: Ընդունենք մի իրավիճակ, որ երկրի ղեկավարը չի խառնվում արդարադատությանը, այնպես, ինչպես հիմա է: Կոստանյանին տալիս են օրենքով վերապահված բոլոր ռեսուրսներն ու ասում՝ ղեկավարիր դատական իշխանությունը, աշխատիր օրենքի տառին համապատասխան: Վստահ եղեք, որ նա մի քանի անգամ ավելի լավ կաշխատի, քան այն ժամանակ, երբ իր ծառայություններն էր մատուցում Սերժ Սարգսյանին:

Մյուս անձանց դեպքերում էլ է այդպես: Նույն Արփինե Հովհաննիսյանը, ում հասարակությունը քննադատում է, որովհետև Սերժ Սարգսյանի թիմից է և ՀՀԿ անդամ, փայլուն իրավաբան է: Եվ պատկերացրեք, որ քաղաքացիները թույլ տան, որ Արփինե Հովհաննիսյանը ծառայի նոր կառավարության կազմում: Կշահեն թե՛ Հայաստանը, թե՛ պետությունը:

Սամվել Ֆարմանյանը, որ եղել է ՀՀԿ անդամ և ժամանակին նաև Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը, բոլորից լավ է պատկերացնում պետական կառավարման համակարգն ու  պաշտոնի պատասխանատվությունը: Ֆարմանյանն էլ իր օգուտները կարող է բերել նոր կառավարությանը:

Այս մարդիկ և շատ շատերը, որոնք չեն էլ երևացել էկրաններին, չլինելով որևէ կոռուպցիոն սկանդալների մեջ, մաս չկազմելով նախորդ համակարգերի թալանի, մեր հասարակության մոտ նույնացվել են թալանող ու կեղեքող հանրապետականների հետ: Տարիներ շարունակ մեր հասարակությունը Արփինե Հովհաննիսյանին, Արմեն Աշոտյանին, Ֆարմանյանին նույնականացրել է մյուս հանրապետականների՝ Մանվել Գրիգորյանի, Շմայսի, Սամվել Ալեքսանյանի հետ: Սակայն այս մարդիկ տարբեր են թե իրենց գործունեությամբ, թե տեսակով:

Այսպիսի մարդիկ շատ են, սակայն ժողովուրդը, մերժելով Սերժ Սարգսյանին, մերժել է նաև նախկին իշխանությունների պատրաստի կադրերին: Ու մինչ կառավարությունը ցանկանում է ստեղծել կադրային բանկ՝ հետագայում ռեսուրսներ ունենալու համար, քաղաքական իրավիճակից դրդված մենք մսխում ենք այն ռեսուրսները, որոնք ունենք: Իրավիճակը, շախմատային լեզվով ասած՝ պատային է: