Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը: Այս մասին Spiegel թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Նա (Մերկելը) համոզված է, որ ահաբեկչության դեմ ակտիվ պայքարը, որը, անշուշտ, անհրաժեշտ է, հիմք չէ որոշակի ծագման կամ դավանանքի մարդկանց կասկածելու համար»,- ասել է Զայբերտը:
Ուրբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների տեղաբաշխումը, խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ, նաև 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը մի շարք մուսուլմանական երկրներից: Reuters-ի տեղեկացմամբ՝ հրամանագրի ձևակերպումներից հետևում է, որ խոսքն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին է: