տուն Լուրեր Մեռամ ասելով` չի էլ լինելու. Արտաշատի փոխքաղաքապետը՝ արտագաղթելու մասին

Մեռամ ասելով` չի էլ լինելու. Արտաշատի փոխքաղաքապետը՝ արտագաղթելու մասին

364
0

Gagik-Poghosyan-1

Արտաշատի փոխքաղաքապետ` նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ժամանակավորապես ստանձնած Գագիկ Պողոսյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է արտագաղթել Հայաստանից: Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի այս ազգականը նախկին վարչապետի հետ տեւական ժամանակ է, ինչ քննարկում էր Գերմանիայում բիզնես հիմնելու հարցը: Ըստ հրապարակումների` վերջերս էլ նրանք երկուսով եղել են Համբուրգում եւ պատրաստվում են արտադրական ձեռնարկություն հիմնել, որը կգրանցվի հենց Գագիկ Պողոսյանի անունով:

Araratnews.am-ի հետ զրույցում Գագիկ Պողոսյանը սակայն հայտարարեց, թե չի պատրաստվում լքել Հայաստանը: «Այդպիսի բան չկա, մեռամ ասելով` չի էլ լինելու, մտադրություն էլ չունեմ, բայց ինչի գնամ…»- ասաց Գագիկ Պողոսյանն ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերին: Սա նշանակում է, որ այս ընթացքում դիրքային  վերադասավորումներ կլինեն: ՀՀԿ-ն հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ թե ով է լինելու իրենց թեկնածուն` չեն հայտնել: Մեր տեղեկություններով` քննարկվում են մի քանի վարկածներ: Մասնավորապես, Գրիգորյանները (խոսքը Ավշարի Գրիգորյան եղբայրների մասին է) ցանկանում են  իրենց տիրապետության տակ վերցնել Արտաշատը: Չի բացառվում, որ խաղի մեջ կմտնի նաեւ Սերժ Սարգսյանի խորհրդական, նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Փայլակ Ֆահրադյան