Մեր ծրագիրը ես կբնութագրեի նախաձեռնողական․ այս մասին Կառավարության արտահերթ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Կառավարության ծրագրին։
Թե ինչպիսի՛ն կլինի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո, Արշակյանը նշեց, որ դեռ հստակություն չկա, բայց եղած քննարկումները ցույց են տալիս, որ բարձր տեխնոլոգիաները, թվայնացումը, ռազմարդյունաբերությունը միավորվում են և դառնում այդ նախարարության գերակա ուղղություն։
«Նախարարությունը ըստ առաջնային քննարկման բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանն է, բայց դեռ քննարկվում է, կարող է փոխվել»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, որ այնտեղ թվերը քիչ են, միգուցե հետագայում հաշվետություններից խուսափելու համար է այդպես, Արշակյանը նշեց․
«Կուզենայի ասել, որ թվեր ներկայացվել են, թե ի՞նչ ձևաչափով դրանք կհրապարակվեն, այս պահին կդժվարանամ պատասխանել։ Այնուամենայնիվ, մեր ծրագիրը ես կբնութագրեի նախաձեռնողական, և մեր տեսլականն ամբողջությամբ պարփակված է այդ ծրագրում։ Կխնդրեի ոչ միայն թվեր փնտրել, այլև թեզեր և տեսնել, թե ինչպիսի տեսլական ունի Կառավարությունը Հայաստանի հետագա զարգացման հետ կապված»,- ընդգծեց նախարարը։
Դիտարկամանը, թե ի՛նչն է հեղափոխական այդ ծրագրում, որ նշեց, Արշակյանը պատասխանեց․ «Հեղափոխական է, որ բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը դրվում են որպես գերակա ճյուղ, և դրա համար ստեղծվում է առանձին գերատեսչություն, որն ամբողջությամբ առաջ կտանի դրա ֆինանսական մասը, և առաջիկայում դա թվերով կտեսնենք»։