Թավշյա հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության հռչակումից ի վեր ամենախելահեղ ստեղծագործությունն է: Ստեղծագործության հեղինակը ոչ թե որևէ գրող է կամ անհատ, այլ ողջ հայ ժողովուրդն է ու իր կամքը՝ իրականությանը գրական ստեծղագործությանը համարժեք վերաձևակերպումներով տալով: Բանաստեղծ Կարեն Անտաշյանը հեղափոխությունը համարում է գրական ստեղծագործություն: Նա փաստում է՝ ժողովուրդը գրելու գործընթացը սկսել է, բայց այն դեռ ավարտին չի հասցրել: Հեղափոխություն մշակույթի ոլորտում էլ է եղել, բայց այն գրելուց հետո մենք պիտի կարդացողներ էլ որոնենք. Կարեն Անտաշյանը համարում է, որ գիրքը գրելը սկսել ենք, եղանակն ենք որոշում. «Մշակույթը, իմ համոզմամբ՝ նյութական և հոգևոր արժեքների համախումբն է, որն ուղղորդում է մարդկանց գործուն ձևով, ուղղորդում է որոշակի պատմական իներցիա ստեղծելով: Մեր հեղափոխությունը արժեշղթայի իմաստով դեռևս այդ իներցիան չունի»:
Կարեն Անտաշյանը մշակութային հեղափոխության առաջնային հարցը համարում է ուղղությունը, որը պիտի հստակ ընտրի մշակույթի նախարարությունն ու ուղենիշ դառնա մշակույթի համար. «Մենք կամ գնում ենք հին ճանապարհով՝ մանիպուլյատիվ մշակույթն ենք տարածում, որի պարագայում նախարարությունն է սերմանում՝ մշակույթի գործիչը ինչն ինչպե՞ս անի, թե մենք ժողովրդավարացման միտումը մշակույթի մեջ էլ ենք ներդնում՝ ազատականացնում դաշտը»:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած քննարկումն այս անգամ մշակույթն էր զննում՝ մանրադիտակի տակ ջոկջկելով այս դաշտի առողջ բերքը որոմից:
Ազատական մշակույթի մոդել ստեղծելու գաղափարը «Կարին» ազգագական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը ազգագործան համարեց: Նա չի ուզում, որ նորից վերադառնան այն ժամանակները, երբ մշակույթի գործիչը իզուր է բղավում՝ ձայն բարբառոյ յանապատի: Ազատ թողած մշակույթն առողջ բերք չի տա՝ անհամ, անհոտ ու որդնած, մշակույթի հողը փխրեցնել ու ցանքս անել է պետք. «Եթե դաշտը վարում ես, ցանքս ես անում, հետևում ես, նույնիսկ քաղհան ես անում, միևնույն է՝ մոլախոտն աճում Է»:
Գագիկ Գինոսյանը լուրջ վտանգ է համարում մեր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի՝ հայկական մշակույթը ձևախեղելու, տձևացնելու և հայ քաղաքացուն անդեմ մեկը դարձնելու քաղաքականությունը. «Եթե մենք ասում ենք ամեն ինչ կարելի է և ամեն ինչ թույլատրելի է, կներե՛ք, մենք ոնց որ զրահները հանենք և զինված մարդու դեմ կանգնենք, ասենք՝ ամեն ինչ թույլատրելի է: Ոնց որ ոչխարին գցենք առյուծի կամ գայլի վանդակը»:
Գագիկ Գինոսյանը պնդում է, որ մեր հարևաները պարզապես ջանք-եռանդ ու մեծ ֆինանսներ չեն խնայում հայկական մշակույթի ճանապարհը փակուղի տանելու համար: Մշակութային հեղափոխությունից հետո ազգին գիտակցական կարգապահություն է պետք և ոչ ազատականացում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած մշակութային քննարկման ժամանակ մշակույթի ոլորտի տարբեր գործիչներ տարբեր կերպ արձագանքեցին հետհեղափոխական զարգացումներին: Երգահան-սցենարիստ Քրիստ Մանարյանը, ազատականացման ուղին հստակ մերժելով, մշակույթի ոլորտում կարգապահություն ցանկացավ տեսնել, այն էլ՝ զինվորական. «Ես կերազեի, որ Հայաստանը լիներ զորանոց, և ես դա միշտ ասել եմ ու նորից պնդում եմ, որ բոլորը պիտի զորանոցի կանոններով ապրեն, իսկ զորանոցում կյանքը, հավատացե՛ք, շատ ավելի հետաքրքիր է, քան դուք կարող եք հիմա պատկերացնել։ Երբ հարցը հասնում է տագնապի ազդանշանին, բոլորը վազում են փրկելու հայրենիքը»: Զորանոցի կանոններով շարժվելու միտքը Քրիստ Մանարյանը բացատրեց մեր հարևանների՝ մշակութային ոտնձգությունները կանխելու և արժանի հակահարված տալու կոնտեքստում. «Հայաստանն այն առուն է, որն այստեղից չերևացող դաշտեր է ջրում։ Եթե ինքը չորացավ, այդ դաշտերն էլ են չորանում»: Բերրի դաշտեր ունենալու համար մշակութային ուղղորդումը նա առաջնային համարեց:
Գրող Հովիկ Չարխչյանը բռնի ուժով և պարտադրված մշակույթ ստեղծելու մոդելն արդյունավետ չհամարեց: Նա նշեց, որ նման օրինակներ շատ ենք տեսել. երկար կյանք չեն ունեցել: Ըստ Հովիկ Չարխչյանի՝ ազատականացում չի նշանակում այլանդակությունների տարածում, ճիշտ հակառակը՝ ազատ միտքը առողջ միտքն է. «Ես չեմ պատկերացնում մշակույթ առանց ազատ դրսևորման։ Մշակույթից վերցրու իր ազատ դրսևորման հնարավորությունը, և այն կդադարի մշակույթ լինելուց։ Ինչի համար է մշակութային պատմությունը, եթե պիտի հաշվի չառնենք դրա օրինակները, դրա հետևանքները, դրա թողած դասերը ու գանք զրոյից սկսենք։ Ուրեմն ոչ մի բան չենք ստեղծել մինչև հիմա։ Ոչ մի լավ բան չի եղել թիկունքում»։
Հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը չի զարմանում այն փաստից, ըստ որի՝ հեղափոխության արդյունքում իշխանությունը փոխվեց, բայց հասարակությունը նույնը մնաց: Նա նշում է, որ հեղափոխությունը ոչ թե հստակ փոփոխությունն է, այլ դրա շանսն է: Իսկ թե ինչպե՛ս մենք այդ շանսը կօգտագործենք՝ Լիլիթ Բլեյանը ամենակարևորն Է համարում. «Մենք չենք կարող ժխտել այն ամեն ինչը, ինչը տեղի է ունեցել և չեն կարող դադարել տեղի ունենալ։ Մենք պիտի շատ պրակտիկ լինենք։ Կառուցվածքային առումով մեր մշակույթի նախարարությունը արխաիկ կառույց է։ Հեղափոխությունը մեզ տալիս է հնարավորություն բացվելու»։
Old Band խմբի վոկալիստ Անուշիկ Հարությունյանը մշակութային հեղափոխությունը կատարողական դաշտ տեղափոխելու համար առաջնային է համարում ամենապարզ գործողություններից սկսել. աշակերտների և ուսանողների համար թատրոնների դռները չկողպել ու կողք քաշվել: Բեմադրիչ-ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը ահազանգում է. մշակույթը խայտառակ վատ վիճակում է: Բանաստեղծ Վահե Արսենը մշակութային հեղափոխությունը կրթությունից է առաջարկում սկսել: Ըստ նրա՝ խոսակցական լեզուն անդունդի եզրին է, իսկ մշակույթն առաջին հերթին լեզուն է: Մշակութային դաշտը կալսելու իր մեթոդները գրականագետ-խմբագիր Արմեն Ավանեսյանը կարճ է ձևակերպում՝ պահանջում է կրթությունից սկսել:
Մշակութային քննարկումն այս անգամ, հաշվի առնելով հետհեղափոխական ոգին, ռեալիզմից անցավ սյուրռեալիզմի, աբսուրդից անցավ ֆանտաստիկայի, բայց ռոմանտիզմով չտառապեց. դրա ժամանակը հիմա չունենք. ինչո՞ւ. մենք՝ հայերս, գրական մեծածավալ ստեղծագործություն ենք գրում՝ հեղափոխական շնչով և բեղուն գրչով: