Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հարցեր քննարկել:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում երկու երկրների հարաբերությունները Պուտինը բնորոշել է որպես «ռազմավարական գործընկերային»:
«Մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Իհարկե, օբյեկտիվ բնույթի խնդիրներ կան»,- ասել է ՌԴ նախագահը:
Նա նաեւ հավելել է, որ զարգանում է նաեւ երկու երկրների տնտեսական համագործակցությունը: «Ընդհանուր առմամբ, բավարարված ենք մեր հարաբերությունների բազայով: Հիմնվելով դեռեւս անցյալ տարիների մեր համատեղ որոշումների վրա՝ որեւէ կասկած չունեմ, որ կշարունակենք զարգանալ նաեւ այդ ուղղությամբ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:
ՌԴ ղեկավարը հիշեցրել է, որ այս տարի Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: «Հույս ունեմ, որ կհաջողվի ձեզ հետ խոսել որպես միջազգային այդ կազմակերպության նախագահի, քանի որ հենց նա է պատասխանատու անվտանգության հարցերի, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար, որպեսզի մեր սահմանները խաղաղ լինեն»,- հավելել է նա:
Վլադիմիր Պուտինը նաեւ Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել ԵՏՄ շրջանակում փոխգործակցության հարցեր: