Բնապահպանության նախարարությունն ունի մոնիթորինգի կենտրոն, որն իրականացնում է նմուշառում, որոնց հիման վրա, սկսած ծծմբական թթվից, նատրիումի երկօքսիդից, ցուցանիշները հրապարակել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Դիտարկմանը, որ որոշ քիմիկոսներ պնդում են, որ ծծմբի երկօքսիդի փորձաքննություն անելու անհրաժեշտություն չկար, այսինքն` արվել են փորձաքննություններ, որոնք էթինոլ լաքի բաղադրության հետ առնչություն չունեն, Արծվիկ Մինասյանն ասաց. «Ոչ թե պետք է կարծիքներ լսել, այլ փորձաքննության արդյունքների հիման վրա դատել: Մենք թե՛ ածխաթթու գազի վերաբերյալ ենք հրապարակում արել, թե՛ ծծմբական թթվի, թե՛ նատրիումի երկօքսիդի: Եթե այլ լրացուցիչ կոմպոնենտներ կան… ցավոք, մեր համակարգը այդքանն է թույլ տալիս: Եթե հավելյալ տվյալներ են պետք, անշուշտ, միշտ էլ անհրաժեշտ է, բայց մեր կարողականությունն այսօր այսքանն է»:
Նախարարի խոսքով` կա Կառավարության կողմից հաստատված նորմատիվ ակտ, որտեղ սահմանված են մարդու առողջության տեսանկյունից թույլատրելի նորմերը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ եթե անվտանգ նյութեր են արտանետվել, ապա ինչո՞ւ է բնակիչների ինքնազգացողությունը վատացել, Արծվիկ Մինասյանը հորդորեց դիմել առողջապահության նախարարություն:
Նա հրաժարվեց պատասխանել թեմայի վերաբերյալ այլ հարցերի. «Առաջարկում եմ բանավեճ կազմակերպել և մասնագետներով խոսել այդ թեմայի մասին»։