տուն Լուրեր Անկախությունն ավարտվեց հոկտեմբերի 27-ին այս դահլիճում կատարված սպանություններով. տեսանյութ

Անկախությունն ավարտվեց հոկտեմբերի 27-ին այս դահլիճում կատարված սպանություններով. տեսանյութ

115
0

Տեսանյութը՝ Ա1+

Ազգային ժողովում մեկնարկեց  առաջնահերթ համարվող «Ելք» դաշինքի ներկայացրած ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի շուրջ քննարկումները:

«Ելքը»` որպես բազմակարծությունը և քննարկման ուղին գնահատող ուժ, ինքը հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է»,- այսօր նիստն սկսելուն պես նախագծի առաջնահերթ լինելը հիմնավորեց «Ելք» խբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ելույթով հանդես եկավ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Թվերը, փաստերը, վիճակագրությունը մի կողմ դնենք: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկումները ցույց տվեցին, ով չի ուզում տեսնել, ցերեկն էլ կասի` մութ գիշեր է: Փաստացի այսօր պատասխանում ենք հարցի` ի՛նչ Հայաստան ենք ուզում ունենալ: Հայաստանում չի եղել իշխանություն, որ Նոբելյան մրցանակի սկզբունքով չներկայացնի իր տեսլականը, ածականներով, հավելելով, որ ժամանակ է պետք: Ունի՞ Հայաստանն այդ ժամանակը` դա՛ է խնդիրը: Դուք այսօր կարող եք, այնպես, ինչպես 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, փառաբանել աշխարհի եվրասիական հատվածը, որտեղ երկրային դրախտ է, որի դուռը  գիշերվա ընթացքում բացվեց միայն ձեզ համար»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նա հարցադրում արեց՝ կարո՞ղ են ՀՀԿ-ականները պատասխանել այն հարցին, թե քանի՛ երեխա չի ծնվել Հայաստանում, քանի որ այդ ընտանիքի հայրը մեկնել է արտագնա աշխատանքի: «Քանի՞ երեխա է մեծանում որբի կարգավիճակով, նույն պատճառով քանի՞ կին է ստիպված տան տղամարդ դարձել, քանի՞ փակ ու բաց դագաղ է Հայաստան եկել:

Գիտե՞ք` ո՛րն է մեր ու ձեր տարբերությունը. մենք ուզում ենք, որ Հայաստանում հայը մնա ու իր տանն աշխատի, ոչ թե գնա Ռուսաստան եւ պատանդ դարձնի իրեն եւ իր ընտանիքին: Մենք մեր հայրենիքը չենք տեսնում սպասարկման ոլորտում կամ, առավելագույնը՝ հումք արտադրող, մենք մեր հայրենիքում ուզում ենք արդյունաբերություն զարգացնել, գյուղատնտեսությունը չդարձնել լոլիկի եւ վարունգի գերի»,- հայտարարեց պատգամավորը:

Արամ Սարգսյանն ասաց, թե ՀՀԿ-ն շարունակում է անլիարժեքության բարդույթով տառապել: Նա հայտարարեց, թե ԵԼՔ կա, եւ այդ ելքը իրենց մեջ է: Նա նշեց, որ Հայաստանը չի կարող անկախ երկիր լինել, ունենալով կախյալ իշխանություն, որի նպատակն է ունենալ Հայաստան անունով Ռուսաստանի հանրապետություն: «Մեր անկախությունն ավարտվեց 1999  թվականի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակի շքերթում եղբորս հպարտության արցունքներով եւ հոկտեմբերի 27-ին այս դահլիճում կատարված սպանություններով: Դրանից հետո ձեր կարգախոսը եղել է՝ ամեն ինչ իշխանության դիմաց, այդպես հանձնել եք շարժական ու անշարժ գույք, տնտեսություն, անվտանգություն: Այստեղ եւ հիմա քննարկվում է Հայաստանի անվտանգության հարցը։ Մտածե՛ք՝  ձեր քայլերի համար դո՛ւք եք պատասխան տալու այսօր եւ վաղը, մնացածը թող դատի հասարակությունը»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

 Փայլակ Ֆահրադյան