Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը այսօր Ազգային ժողովում ընթացած «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով լսումներին ներկայացրեց մի նախագիծ, որը երկար ժամանակ քննարկվելուց հետո այդպես էլ չի հաջողել:
«Մեր ծրագիրը ի սկզբանե ունեցել է աջակցություն` նախարարի և պաշտոնյաների կողմից: Ծրագիրը ներկայացնելուց հետո նախարարը մեզ առաջարկեց աշխատել, նրա հրամանով բոլոր վարչությունների հետ հանդիպումներ եղան, այնուհետև այդ ծրագիրը կանգ առավ ու հինգ տարի շարունակ մենք դա չենք կարողանում շարունակել»,- նշեց մասնագետը:
Ըստ Վարդանյանի` մենք այստեղ խնդիր ունենք ինստիտուցիոնալ խնդիրների հետ:
«Ռազմաարդյունաբերական համակարգը չի կարող լինել պաշտպանության նախարարության կազմում: Երկրորդը պատվիրատուի կողմն է: Գլխավոր շտաբը, պատվիրելուց առաջ, պետք է իմանա ներկա իրավիճակը: Սա պարտադիր խնդիր է, որ այսօր կա»,- նկատեց Կարեն Վարդանյանը:
Վերջինը նաև հիշատակեց հոգեբանական խնդիրները համակարգում:
«Մեր պաշտոնյաների մեծ մասը գտնում է, որ հայ մարդը չի կարող նորմալ բան պատրաստել: Նա չի տեսել ռազմաարդյունաբերական տեխնոլոգիաներ, քանի որ եղել է մարտի դաշտում, ապա ստանձնել բարձ պաշտոն պաշտպանության համակարգում: Բանակի և տեխնոլոգիական ոլորտի հանդիպումների փորձը, սակայն, արդեն կա, բայց դա քիչ է: Մեր «Դիջիթեք» ցուցահանդեսին բազմաթիվ պաշտոնյաներ հրամանով այցելում են արդեն երրորդ տարին»,- ընդգծեց մասնագետը և շարունակեց. «Մենք պետք է հասկանանք, որ նորմալ ինժեները բարձր աշխատավարձ է ստանում և նա անկախ է: Նա ցանկացած պահի կարող է ցանկացած երկիր գնալ ու Հայաստանում մնում է միայն իր հայ լինելու համար: Մենք ունենք ռեսուրսներ, բայց դրանք չենք կարողանում օգտագործել»:
Կարեն Վարդանյանն, ամփոփելով իր զեկույցը, ասաց, որ ռազմական բյուջեն պետք է վերանայվի, քանի որ կան զենքեր, որոնց քանակը պետք է վերանայել: Նա հույս հայտնեց, որ այդ խնդիրը կլուծվի Աժ և ՊՆ համատեղ ջանքերով: