Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց բողոքի երթ՝ նվիրված Հաց Բերող անունը ստացած Արթուր Սարգսյանի հիշատակին:
Հիշեցնենք՝ այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում Հաց Բերողը մահացավ:
Տասնյակ քաղաքացիներ այս պահին Արթուր Սարգսյանի անունը վանկարկելով շարժվում են դեպի արդարադատության նախարարություն:
«Սերժիկ, մարդասպան, Սերժիկ, մարդասպան»,- վանկարկում են ակտիվիստները:
Նշենք, որ երթի մասնակիցներին ուղեկցում են մի քանի տասնյակ ոստիկաններ, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Երթի մասնակիցներից Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, պահանջեց իրավապահներից` չխոչընդոտել իրենց:
«Մեր կռիվը ձեր հետ չի, բայց հանկարծ նենց չանեք, ձեր դեմ էլ կռիվ ունենանք: Կարգ եք պահում, ինչ եք անում, լավ եք անում, բայց չխփեք եւ այլն, եւ այլն: Մենք Սերժի դեմ պետք ա կռվենք, մարդասպանի»,- հավելեց Շահեն Հարությունյանը:
Ոստիկանները, սակայն, այդպես էլ թույլ չտվեցին Արթուր Սարգսյանի համակիրներին մոտենալ արդարադատության նախարարությանը եւ ի նշան բողոքի՝ նախարարության մոտ թողնել իրենց հետ բերած սեւ ժապավենով հացը: Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ վաղը ժամը 18:00-ին կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում: