ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քննարկման ներկայացվեց ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի և Լևոն Դոխոլյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գործադիրի նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց , որ պատգամավորների առաջարկած փոփոխությունը հետևյալն է. «Խոսքը վերաբերում է վարչական վարույթի մասին այն փոփոխությանը, որով մենք, այսպես կոչված, համաներում էինք սահմանել մինչ 2014 թվականի հունվարի մեկը կատարված վարչական իրավախատումների համար տուգանքների չափի ավելացումների համար»,-ասաց Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ նախագծի հեղինակները պատճառաբանում են, որ շատ քաղաքացիներ ՀՀ-ից բացակայել են, ուստի չեն ծանուցվել. «Սկզբունքորեն առկա խնդիրը տեսնում ենք, սակայն, կարծում եմ, որ այստեղ լրացուցիչ հիմնավորումների անհրաժեշտություն կա և, մասնավորապես, պատշաճ վիճակագրության, որպեսզի տեսնենք՝ ինչ թվերի մասին է խոսքը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս պահին էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը մշակման փուլում է: «Դրա համար այս պահին պարզապես հորդորում ենք ձեռնպահ մնալ»,-նկատեց Հովհաննիսյանը:
«Վեց ամսով երակարացնում եք չէ՞ »,- հետաքրքրվեց վարչապետը: «Մենք այս պահին կարծում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա, մենք ունեինք վեց ամիսը, հիմա իրենք առաջարկում են մեկ տարով երկարեցնել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը: «Մենք մերժում ենք»,-ասաց վարչապետը: «Այս պահին ոչ նպատակարմար ենք համարում»,-եզրափակեց Հովհաննիսյանը: