Ազգային ժողովում մեկնարկել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը: Բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջորդ տարվա պետական բյուջեն անվանեց իրատեսական: Նրա խոսքով՝ այն ունի հստակ սոցիալական ուղղվածութուն, եւ որ բյուջեի միջոցների զգալի հատվածը տրամադրվելու է սոցիալական եւ մշակութային բնագավառի ծախսերը հոգալու համար:
Նշենք, որ 2015 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է ավելի բարձր 2014 թվականի համեմատությամբ`4.1 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների, գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերի աճը: Աճի կանխատեսումը հիմնված է նաև արտահանման հնարավորությունների ընդլայնման, գործարար միջավայրի բարելավման, մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավման ենթադրությունների վրա:
Դեռևս ցածր մակարդակում պահպանվող գնաճը 2014 թվականի երկրորդ
կիսամյակում որոշակիորեն կավելանա` տարեվերջին մոտենալով նպատակային
ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: 2015
թվականի սկզբից գնաճը կկայունանա նպատակային ցուցանիշի միջակայքում:
Ըստ Հովիկ Աբրահամյանի՝ գործնական քայլեր են ձեռնարկվելու գործարար միջավայրի բարելավման եւ արտահաման ծավալների զարգացման ուղղությամբ, տեսչական բարեփոխումների արդյունքում վարչարարությունը կնվազի, եւ հետեւաբար պետք է նաեւ արձանագրել, որ այս ամենը հեղափոխական ազդեցություն չի կարող ունենալ:
ԱԺ-ում վարչապետը մեկ անգամ եւս հայտարարեց, որ իրենց թիրախը խոշոր բիզնեսն է եւ ստվերի դեմ պայքարը: «Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած վատ բարքերը արմատախիլ անենք, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է, իսկ շատերի այն պնդումները, թե այս ամենը հարված է ՓՄՁ-ներին, այդպես չէ, եւ որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Ստեղծելու ենք պայմաններ, որպեսզի նվազեցնենք ստվերը»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Մանրամասներն՝ այստեղ: