ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ամփոփել է 2015 թվականը: Տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ, սովորության համաձայն, Արմեն Աշոտյանը խոսեց տարվա ձեռքբերումներից: Դրանք, ըստ Աշոտյանի, երեքն են: Իսկ մինչ այդ նա ընթացող տարին որակեց մեծ աշխատանքի, բայց դժվարին տարի: «Երեք ամենախոշոր ձեռքբերումներց մեկը միջազգայնացման ամենաբարձր մակարդակն էր»,- ասաց Աշոտյանը՝ ձեռքբերումների շարքում դասելով նաեւ հայ աշակերտների միջազգային օլիմպիադաներում նվաճած քսան մեդալները:
ԿԳ նախարարը խոսեց հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից, նշելով, որ հայ աշակերտները եւս կարեւորագույն մասնակցություն են ունեցել այդ միջոցառումներին: «Մեր աշակերտների ձեռքով պատրաստված անմոռուկները, ինչպես նաեւ պատվո պահակը»,- ասաց նա: Ա.Աշոտյանը նշեց, որ բուհակական համակարգում եւս բազմաթիվ աշխատանքներ են տարվել: Մասնավորապես աջակցություն է տրվել սոցիալապես անապահով ընտանիքի անդամների ուսանողներին: «Մենք ընդունեցինք նոր մասնագիտությունների ցանկ»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ կնքվել են մի շարք պայմանագրեր տարբեր երկրների հետ: Նա առանձնակի շեշտեց Չինաստանը: ԿԳ նախարարը նաեւ հայտարարեց, որ այս տարի էլ են եղել բաց եւ թափանցիկ: «Մենք երեւի թե ամենաբաց գերատեսչությունն ենք եղել, դա շարունակվելու է նաեւ գալիք տարի»,- ասաց Աշոտյանը: