տուն Լուրեր Մենք էդ թեմայի մեջ չկանք. Մարուքյանը՝ Մամիկոն Ասլանյանի հետ հանդիպումների մասին

Մենք էդ թեմայի մեջ չկանք. Մարուքյանը՝ Մամիկոն Ասլանյանի հետ հանդիպումների մասին

101
0

Qrist

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ որևէ հանդիպում չեն ունեցել: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր երեք ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», «Հայկական վերածննդի» եւ «Լուսավոր Հայաստանի» կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Քրիստ Մարուքյանը:

Հիշեցնենք՝ այս երեք քաղաքական ուժերը Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո համաձայնության հուշագիր էին ստորագրել, որով պարտավորվում էին քաղաքապետի պաշտոնում սատարել ԼՀԿ թեկնածու Քրիստ Մարուքյանին, սակայն, ի վերջո, նրանցից մի քանիսը խախտեցին պայմանավորվածությունը եւ քվեարկեցին հանրապետական թեկնածուի օգտին, ինչի հետևանքով քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը:

Ասլանյանը, սակայն, ընտրվելուց հետո ոչ մի կերպ չի կարողանում ավագանու նիստ գումարել, քանի որ քվորում չի ապահովվում: Araratnerws.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետն այսօր հայտնել էր, թե ընդդիմադիրների հետ հանդիպումներ է ունեցել, եւ կարծիք հայտնել, որ հաջորդ նիստին քվորումը կապահովվի:

«Մեզ հետ հանդիպումներ կամ քննարկումներ չեն եղել, չգիտենք՝ ում հետ է հանդիպել (նկատի ունի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին — խմբ.), բայց մենք էդ թեմայի մեջ չկանք»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

Մարուքյանից փորձեցինք ճշտել՝ տեղյա՞կ է, թե ընդդիմադիրների հետ Մամիկոն Ասլանյանն ինչ քննարկումներ է ունեցել. «Նիստը կլինի` կհասկանանք, ենթադրություններ չեմ ուզում անել: Մենք երբ հայտարարել էինք բոյկոտի մասին, իրենք իրենց հայտարարություններով միացել են էդ բոյկոտին, մյուս նիստից առաջ, որը կնշանակվի, կխոսենք իրենց հետ, կտեսնենք՝ իրենք դիրքորոշումն անփոփո՞խ է, թե՞ ոչ»:

Քրիստ Մարուքյանի խոսքով` «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը` նիստերը բոյկոտելու հետ կապված, մնացել է անփոփոխ:

«Բոյկոտի իմաստը ոնց կար դրած, նույն իմաստը շարունակվում է, այսինքն՝ իրենք ունեն մեծամասնություն, պետք է որ կարողանան նիստ անել, եթե չեն կարողանում, ուրեմն չունեն մեծամասնություն, իսկ եթե չունեն՝ ապա ինչո՞ւ ունեն քաղաքապետ»,- նշեց Վանաձորի ավագանու ընդդիմադիր անդամը:

Ինչ վերաբերում է ստորագրված հուշագրին, ապա Մարուքյանն ասաց՝ դրանում նշված առաջնային կետերը չեն կատարվել ՝ այն է իր թեկնածությանը սատարելը, հետևապես, այն արդեն առոչինչ է:

«Առաջին կետով իմ թեկնածությունը պաշտպանեու կետն էր նշված, եթե դա տեղի չի ունեցել, մնացածն առոչինչ են դառնում: Հուշագիրն իր դերն ու նշանակությունը չունի, որովհետև կոնկրետ կետերի շուրջ է եղել պայմանավորվածությունը, եւ էդ երկու կետերը չեն կատարվել»,- շարունակեց Քրիստ Մարուքյանը՝ նշելով նաեւ՝ եթե, այնուամենայնիվ, քվորում ապահովվի, ապա իրենց խմբակցությունը կմասնակցի նիստերին:

Շողիկ Գալստյան