Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարաների մեջ ստեղծված երկպառակտման, երեկ ցուցարարներին Բաղրամյան պողոտայից դուրս բերելու, ցույցերի ժամանակ ոստիկանների աշխատանքների մասին Araratnews-ի թղթակցի հետ զրուցեց շարժման ակտիվիստ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող):
Ցույցը չի երկպառակտվել, ըստ Վիլեն Գաբրիելյանի, այն ուղակի թուլացել է: «Ես չէի ասի, որ պառակտվել է ցույցը: Իսկ եթե շարժը թուլացել է, ապա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է: Շարժը թուլացել է, որովհետև Ազատության հրապարակ իջնելու և Բաղրամյան պողոտայում մնալու կոնցենսուս չկա»:
Ամենամեծ խնդիրը երևան եկավ, երբ Ազատության հրապարակ իջնելու կոչերը արեցին ու միանգամից իջան՝ առանց ժողովրդի հետ հաշվի նստելու: «Նրանք ժողովրդի հետ պետք է այդ հարցը քննարկեին ու գոնե կես ժամ տրամադրեին ժողովրդին, որ որոշումը ճիշտ կայացվեր: Խնդիրն այն էր, որ համախմբող նախաձեռնությունը հայտարարել է, որ գնում են Ազատության հրապարակ, ու առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու գնացել են: Դա սխալ քայլ էր»:
«Այդ չարաբաստիկ օրը երկպառակտման պատճառ դարձավ նաև կոմունիկացիայի խնդիրը: Բաղրամյան պողոտայում կանգնած ցուցարարների միայն դիմացի շարքերում էին լսում նախաձեռնության անդամներին: Մնացած ցուցարարները միայն գոչերից էին իմանում, թե ինչ որոշումներ են ընդունում։ Ազատության հրապարակ գնալու մասին որոշումը պետք է հասցվեր բոլոր ցուցարարներին: Իսկ դրա մասին իմացան միայն առաջին շարքում կանգնածները: Նախաձեռնողնողները պետք է շփվեին ժողովրդի հետ, միասին որոշումներ կայացնեին, ինչպես դա անում էին առաջ»,- նշեց ՎիլենԳաբրիելյանը:
Ըստ ակտիվիստի՝ իշխանությունները ժողովրդի պառակտումից ճիշտ օգտվեցին: «Իշխանությունները ժողովրդի պառակտումից ճիշտ օգտվեցին: Սերժ Սարգսյանի՝ կասեցման մասին հայտարարությունն էլ իր ազդեցությունը ունեցավ: Վատն այն էր, որ այդ հայտարարությունը սխալ կեպով մեկնաբանվեց: Ժողովրդին մինչև հիմա անհասկանալի է այն»:
Վիլեն Գաբրիելյանի կարծիքով՝ կասեցմամբ ամեն ինչ չի ավարտվի: Ժողովուրդը ցույցի ժամանակ մի քանի հարցեր է բարձրացրել, որոնց պատասխանը մինչև այսօր չի կարողանում տալ կառավարությունը: Այս հարցերի պատասխանն է, որ ժողովուրդը ցանականում է իմանալ :
«Եթե կասեցում էլ լինի, խնդիրը միայն դրանով չի վերջանալու: Ցույցի հիմքում միայն կասեցումը չէր: Ցուցարարները բարձրացրել էին նաև թալանի բազմաթիվ դեպքեր, որոնցից է նաև կառավարության այն հայտարարությունը, թե կփակեն հոսանքի 7 դրամները, մինչև աուդիտի ավարտը: Հիմա՝ թե որտեղից են այդ միջոցները ձեռք բերելու՝ անհասկանալի է ժողովրդի համար»:
Ոստիկանության աշխատանքը թատրոն էր՝ վստահեցրեց Վիլեն Գաբրիելյանը: «Ոստիկանության վրա շատ ծանր անդրադարձավ հունիսի 23-ի դեպքերը: Ոստիկանությունը վախեցած է արտաքին աշխարհի արձագանքից: Սակայն, ավելի շատ վախեցած է հակառակ ռեակցիան ունենալուց, ինչպես եղավ անցած անգամ: Դրա համար այս անգամ ոստիկանները իրենց «քույր-եղբայրներին» հանգիստ տարան բաժիններ»:
Հուլիսի 9-ին ժամը 19:00-ին Վիլեն Գաբրիելյանը ներկա է լինելու Ազատության հրապարակում հանրահավաքին: «Մեծ սպասելիքներ ունեմ այս հանրահավաքներից: Պետք են պարբերաբար հանրահավաքներ, երթեր, նստացույցեր կազմակերպվեն կառավարությանը ասելու համար, որ մենք չենք նահանջելու և պահանջատեր ենք»:
Արևիկ Նահապետյան