Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն այսօր կազմակերպված քննարկման ժամանակ, անդրադառնալով Երևանի ավագանու 2014թ. գործունեությանն, ասաց, որ տարին եղել է շատ բուռն. «Նախորդ տարի ավագանին, որպես ինստիտուտ, և կայանում էր, և նույնիսկ հասցրեց իր լիազորության շրջանակում ոչ միայն որոշակի խնդիրների լուծում տալ, այլև այդ խնդիրների շուրջ Երևանի քաղաքապետարանի հետ որոշակի երկխոսության գնալ: Ես ուզում եմ շեշտը դնել այն բանի վրա, որ յուրաքանչյուր խմբակցություն իր քաղաքական ուժի լիազոր ներկայացուցիչն է ավագանու կազմում և, բնականաբար, իրականացնում է այն նախընտրական ծրագիրը, որով այդ քաղաքական ուժը մասնակցել է ընտրություններին: Մեր խմբակցության առաջնահերթ խնդիրն էր՝ ավագանում բարձրացնել Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման հարցը, քանի որ Երևանը միայն Կենտրոնը չէ»:
Երկրորդ խնդիրն, ըստ Պողոսյանի` «Երևանի բնակֆոնդի խնդիրն է, որը տարեցտարի չի լուծվում այն ծավալներին համապատասխան, որ մենք հուսանք, որ մի քանի տարի հետո քաղաքում այս խնդիրն իր լուծումը կստանա»:
Թամարա Պողոսյանի խոսքով` երրորդ խնդիրը Երևանի աղբահանության և աղբի վերամշակման խնդիրն է, հաջորդը՝ Երևանի բյուջեի խնդիրն է. «Ընդամենը 71 միլիարդ է Երևանի բյուջեն և դրանից ընդամենը 20 միլիարդն է, որ իր սեփական եկամուտներից է»: