Ազգային Ժողովում շարունակվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2013թ-ի գործունեության քննարկումը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը ներկայացրեց, որ մարզային հեռուստաընկերությունների փակումը նոր արտագաղթի պատճառ կդառնա:
«Մարզային հեռուստատեսության մասին օրենքը մենք ենք ընդունել և պետք է օրենսդրական լուծումներ տանք հիմա, որ այդ հեռուստաընկերությունները չփակվեն: Խորհրդարանը չպետք է ձեռքերը լվանա և մի կողմ կանգնի: Մինագամից 14 հետուստաընկերություններ փակելը կնշանակի մի քանի հարյուր մարդու թողնել առանց աշխատանքի: Մարզերում մի հեռուստատեսություն թողնելը ևս սխալ է, քանի որ մրցակցությունը կվերանա»:
Ամենաճիշտ քայլը, ըստ Էդմոն Մարուքյանի մրցակցությունը պահելն է մարզային հեռուստաընկերությունների մեջ: «Մենք պետք է մրցակցություն ապահովենք, քանի որ թույլ հեռուստաընկերությունները, չդիմանալով մրցակցությանը, իրենք են փակվելու: Բայց գոնե այս դեպքում մենք կարող ենք հանգիստ լինել մի քանի հարյուր մարդ աշխատազուրկ չդարձնելու համար»