տուն Լուրեր Մեկս մյուսին «քոմակ» անելով պետք է այս երկիրը դզենք

Մեկս մյուսին «քոմակ» անելով պետք է այս երկիրը դզենք

128
0

Karen

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր 1988 թվականի երկրաշարժի 28-րդ տարելիցի կապակցությամբ այցելեց Գյումրի: Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում ծաղկեպսակ դնելուց հետո վարչապետը հանդիպեց գյումրեցիների հետ:

Հանդիպմանը Կարեն Կարապետյանը, անդրադառնալով երկրաշարժից հետո առաջացած Գյումրու խնդիրներին, ընդգծեց, որ «Գյումրին սարքողն» առաջինը հենց գյումրեցին պետք է լինի. «Մեկս մյուսին «քոմակ» անելով պետք է այս երկիրը դզենք, որևէ մեկը չի գալու ու մեր փոխարեն այս երկիրը սարքի: Գյումրին սարքողն առաջինը գյումրեցին պետք է լինի և եթե այսօր մի քիչ խեղճացած է, պետք է իրան օգնենք, որ կարողանա վաղվա օրվան ավելի համաձակ նայի»:

Վարչապետը նաև նշեց, որ անհանգստացնող է Շիրակի մարզում աղքատության բարձր մակարդակը` 45 տոկոս. «Այդ պատճառով Շիրակի մարզում աշխատատեղ ստեղծելը, բիզնեսը զարգացնելը դառնալու է մեր բոլորիս համար առաջին խնդիրը: Վերջը աշխատատեղ ստեղծողը բիզնեսն է, հարկ վճարողը բիզնեսն է, երկիր պահողը աշխատող մարդն է»:

Ինչ վերաբերում է երկրաշարժից հետո գյումրեցու առջև ծառացած բնակարանային խնդրին, Կարապետյանն ասաց, որ հարցին պետք է հստակ լուծում տրվի. «Ինձ զեկուցել են, որ 2017 թվականին Գյումրիում պետության կողմից վերցված պարտավորությունները երկրաշարժից տուժածների նկատմամբ լուծվել են: Բայց դա չի նշանակում, որ բոլոր բնակարանային խնդիրները լուծվել են, խոսվում է այն պահին ինչքան պարտավորություններ  կան: 28 տարին մի սերունդ է աճել, ցանկությունները, պահանջարկն են աճել, խոսքը այն պահին ֆիքսածի մասին է: Մենք կարող ենք ասել, որ 28 տարին այնքան երկար ժամկետ է, որ խնդրի լուծման ժամանակ բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում, բա դրանք ո՞վ է լուծելու: Պետք է պարզ, բաց դրա մասին խոսել»: